Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Դոնբասում զորքերի դուրսբերման նոր փուլին

11:28 • 10.12.20

Ուկրաինան պատրաստ է Դոնբասում զորքերի դուրսբերման, նոր տարածքների ականազերծման, ինչպես նաև պահվող անձանց փոխադարձ կերպով ազատ արձակման նոր փուլին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Դոնբասում զորքերի դուրսբերման, նոր տարածքների ականազերծման, ինչպես նաև պահվող անձանց փոխադարձ կերպով ազատ արձակման նոր փուլին»,-ասված է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Զելենսկին ընդգծել է, որ Դոնբասում խաղաղությանն ուղղված առավել շոշափելի արդյունքների կարելի է հասնել «նորմանդական ձևաչափի» անդամ երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) ղեկավարների ուղիղ բանակցությունների միջոցով:

Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը խաղաղությանը հակազդելու համար:

«Խաղաղության ճանապարհը միշտ փշոտ է: Բայց դա այն ճանապարհն է, որով պետք է գնան երկու կողմերը: Բանակցային գործընթացում Ուկրաինայի գործունեությունը ցույց է տվել ամբողջ աշխարհին և, որ ամենակարևորն է, Դոնբասի բնակիչներին, որ հենց մենք ենք շահագրգռված խաղաղությամբ, իսկ Ռուսաստանը խոչընդոտում է պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա ընդգծել է, որ, չնայած դժվարություններին, պատերազմի տարիներից սկսած առաջին անգամ հնարավոր է եղել Դոնբասում հաստատել իրական հրադադար, որը շարունակվում է հուլիսի 27-ից:

«Դրա շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուկրաինացի զինվորականների ու խաղաղ բնակիչների տասնյակ կյանքեր»,-նշել է Զելենսկին: