Այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ամուսիններից որևէ մեկն է մասնակցել, կստանան ուսման վարձի աջակցություն
Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Սա վերաբերում է ուսանողների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսով փոխհատուցմանը, շահառուներ են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ամուսիններից որևէ մեկն է մասնակցել»,-ասաց նախարարը:
Վահրամ Դումանյանն ասաց, թե ովքեր զորացրվել են, նրանց զինգրքույկներում կունենան համապատասխան նշում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, նրանց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատի համապատասխան լիազոր մարմինը: Նախարարն ասաց, թե եթե որևէ ուսանող արդեն վճարել է առաջին կիսամյակի վարձը, գումարը կօգտագործվի հաջորդ կիսամյակի վճարման համար:










