Ռուս բժիշկներն անցած օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի
Վերջին օրվա ընթացքում ռուսաստանցի ռազմական բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան ռազմական շրջանի բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Ստեփանակերտ քաղաքում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդների հետ խորհրդակցություններ են անցկացվել, նրանք հետազոտվել են: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագիտացված բուժաշխատողները որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել տեղակայված շարժական հիվանդանոցում:
Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրինային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական օգնության համար: Ըստ ՌԴ ՊՆ-ի տվյալների, բժշկական ստորաբաժանումները բաղկացած են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից, ռեանիմատոլոգներից, թերապևտներից և համաճարակաբաններից:
«Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










