«Առանց Նիկոլ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)

11:18 • 10.12.20

12։20

Երթի մասնակիցները որոշեցին կրկին վերադառնալ Կառավարության շենքի դիմաց, քանի որ, ըստ իրենց՝ ոստիկանությունը խախտել է պայմանավորվածությունը:

Նախապես հայտարարվել էր, որ երթը պետք է տեղի ունենա Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ, սակայն ոստիկանությունը համաձայնություն չտվեց փողոցների երթևեկելի մասով երթն իրականացնել:



12։10

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիները երթ են իրականացնում: Երթի ուղղությունը հայտնի չէ:


11։53


«Մենք հիմա քաղաքում գնում ենք գործողությունների՝ ցույց տալու համար, որ մենք հանձնվող չենք և Նիկոլ Փաշինյանը, այս իշխանությունը գնալու է»,- Կառավարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։ 

11։47

Ակցիայի մասնակիցները մանրադրամներ նետեցին գետնին:

«30 արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից: 5 մլրդ-ը քիչ էր, էս էլ կեր»,- ասացին նրանք:

Ցուցարարները մանրադրամները նետեցին «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլի Հայաստան» կոչերով:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները նաև ցանկանում են բարձրանալ Կառավարություն՝ վարչապետին ներկայացնելու երկրում տիրող իրավիճակը:

«Քաղաքակիրթ ձևով ուզում ենք մտնել, բացատրել: Էդ մարդու կողքը մեկը չկա, որ բացատրի՝ երկրում ինչ է կատարվում: Բոլորը վախեցած իրենց աթոռներին են նստած: Երկիրը խոր ճգնաժամի մեջ է, ամեն օր էս երկիրը գնում է կործանման: Թույլ տվեք մտնենք, էդ ամեն ինչը բացատրենք»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:

Ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքացիներին մուտք գործել Կառավարության շենք:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Արդեն լրացել է ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։