«Սա պարզապես սկիզբն է. ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում չի սահմանափակվի 5 տարով»․ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ստասկով
Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում չի սահմանափակվի հինգ տարով: Ապագայում նրանց գործունեությունը կարող է վերածվել տարածաշրջանում մշտական բազայի: Նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ստասկովը՝ «Լեռնային Ղարաբաղ․ Նոր աշխարհ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է polit.info-ն։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների անվտանգության հարցին՝ Ստասկովը նկատել է, որ հակամարտության պաշտոնական ավարտից հետո այլևս չի լինի մեկը, ով կցանկանա խախտել զինադադարը:
«Երբ հակամարտությունն ավարտվում է, այլևս չկան մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել հակամարտությանը: Կարող են լինել որոշ սադրանքներ, բայց խաղաղապահները միշտ պատրաստ են իրենց անվտանգության համար ինքնուրույն լուծել այդ խնդիրները: Նրանք պատրաստված մարդիկ են՝ իրենց սեփական զենքով և որոշակի իրավունքներով: Կարծում եմ ՝ այստեղ այդպիսի հատուկ տագնապ չպետք է լինի»,- մանրամասնել է նա ու միևնույն ժամանակ շեշտել, որ ռուս խաղաղապահները պետք է հատկապես զգույշ լինեն տեղանքի մեծ տարածքներն ականազերծելու ժամանակ:
Դիտարկմանը, թե ինչ իրավիճակներում կարող են ուժ կիրառել ռուս զինվորականները, բանախոսը պատասխանել է, որ միայն իրենց կյանքի և առողջության համար իրական սպառնալիքի դեպքում:
«Այսպես, առաջին հերթին նրանք պետք է կանխեն ցանկացած բռնություն, մահ, զինաթափեն ռազմական գործողությունների համապատասխան մասնակիցներին, եթե նրանք արդեն իսկ զինաթափված չեն: Միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պատասխանատվության գոտում զինված բախումներ չլինեն: Եթե ծայրահեղ իրավիճակ է, երբ նրանց կյանքին է վտանգ սպառնում, ապա այդ դեպքում նրանք իրավունք ունեն զենք կիրառել», - բացատրեց Ստասկովը:
Ասուլիսի ընթացքում մասնակիցները գեներալի ուշադրությունը հրավիրել են 2008 թվականի օգոստոսին ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցածի վրա, երբ Վրաստանը ռազմական ճանապարհով որոշեց վերականգնել վերահսկողությունը Հարավային Օսիայի նկատմամբ, որն անջատվել էր երկրից դեռևս 1990-ականների սկզբին: Այդ ժամանակ վրացական զորքերի առաջին հարվածը հասցվեց Ցխինվալիում տեղակայված ռուսական խաղաղապահ գումարտակին։
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս ծայրահեղ սցենարում իրավիճակն այլ է: Վրաստանը սկսեց ռազմական գործողությունները խաղաղապահների վրա հարձակմամբ, ապա որոշեց գրավել համապատասխան տարածքները: Ե՛վ խաղաղապահները, և՛ աբխազները, և՛ Հյուսիսային Օսիան պատրաստ էին իրադարձությունների զարգացմանը, Ռուսաստանը թույլ չտվեց ուժի կիրառում », - ասել է զինվորականը։
Զուգահեռներ անցկացնելով այս իրադարձության հետ՝ Ստասկովը բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը շատ տարբեր է 2008-ից:
«Հակամարտությունն ավարտվել է, համաձայնագիր է ստորագրվել: Ամենակարևորը ՝ Հայաստանի զինված ուժերը դուրս են բերվել, լայնամասշտաբ հակամարտությունը վերսկսելու գայթակղություն չպետք է լինի: Կարող են լինել փոքր սադրանքներ, բայց խաղաղապահները կարող են բացառել դրանք: Վրաստանի ու Հայաստանի տարբերակը բոլորովին այլ է: Երբ համաձայնագիրը ստորագրվում է, երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում», - ասել է գեներալ-լեյտենանտն ու հավելել՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը կարգավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:
Ըստ Ստասկովի՝ հինգ տարվա խաղաղապահական գործունեությունը միայն առաջին փուլն է:
«Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Ժամանակը բուժում է նման բախումները: 30 տարի շարունակ այս հակամարտությունը մռայլվում էր, այնքան շատ արյուն էր թափվել: Հինգ տարին պարզապես սկիզբն է։ Այստեղ խաղաղապահ ուժերը երկար ժամանակ կիրականացնեն խաղաղապահ խնդիրներ։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի ազդեցությունը մեծ է, մենք պետք է դա հաշվի առնենք», - վստահեցրեց Ստասկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










