«Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք են ամերիկյան տիեզերական համակարգերի համար». ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

10:33 • 10.12.20

Միացյալ Նահանգների անվտանգությունն ու տնտեսությունն այժմ մեծապես կախված են տիեզերական համակարգերի շահագործումից, և երկիրն այս ոլորտում մարտահրավերների է բախվում Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Այս դիրքորոշումը չորեքշաբթի օրը Ազգային տիեզերական խորհրդի նիստում հայտնել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեր հակառակորդների գործողությունները մեզ համար ավելի լուրջ խնդիրներ են ստեղծում: Ամերիկյան կենսական շահերն ավելի ու ավելի են սպառնալիքի տակ հայտնվում, քանի որ Չինաստանը և Ռուսաստանը զարգացնում և տեղակայում են զենքեր, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տիեզերքում»,-նշել է Ռեթքլիֆը:

«Չինաստանը տիեզերական գործողություններում ամենամեծ վտանգն է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ Չինաստանը մեր արբանյակները ոչնչացնելու միջոցներ է մշակում: Չինաստանը նաև ցամաքային համակարգ է կառուցում, որն ուղղված է մեր արբանյակներին՝ ցածր ուղեծրերում: Ռուսաստանը նույնպես նմանատիպ համակարգ ունի: Բացի այդ, Ռուսաստանն ունի ցամաքային լազեր, որը նախատեսված է տիեզերքում մեր օպտիկական համակարգերը կուրացնելու կամ վնասելու համար»,-ավելացրել է հետախուզության տնօրենը:

Բացի այդ, Ռեթքլիֆը մեղադրել է Մոսկվային «սադրիչ գործողությունների» համար՝ պնդելով, որ «ռուսական արբանյակը վտանգավոր մանևրներ է կատարել ամերիկյան կառավարական արբանյակի մոտակայքում»:

«Մենք դա սպառնալիք ենք համարում, քանի որ ռուսները նախկինում արձակել են նման արբանյակ, որը ցույց էր տալիս մարտական համակարգի բնութագրերը բարձր արագությամբ արկ արձակելիս»,-նշել է Ռեթքլիֆը: