Լուկաշենկոն պատմել է, թե ինչու են բողոքի ակցիաները ձգձգվում Բելառուսում
Բելառուսում չարտոնված բողոքի ակցիաները ձգձգվել են COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակված սահմանների պատճառով, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ մի, այսպես ասած, արտառոց բան, համեմատած ընտրությունների նախորդ արդյունքների հետ, տեղի չի ունեցել: Միակ բանն այն է, որ ժամանակի առումով ձգձգվել է: Ինչո՞ւ, որովհետև նույնիսկ դուք փակեցիք մեզ հետ սահմանը: Եվ այդ մի քանի հազար մարդուն, ովքեր աշխատում էին Ռուսաստանում, դուք «քամեցիք», նրանք մնացին այստեղ, բայց չեն ուզում աշխատել: Ես ձեզ չեմ նախատում, ես ուղղակի ասում եմ օբյեկտիվ պատճառ, որը նպաստել է, որ այս բողոքները ձգձգվեն ժամանակային առումով»,- նշել է Լուկաշենկոն լրագրող Նաիլա Ասկերզադեին տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարի խոսքերով, վերջին շրջանում Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը «10-12 հազար է, այնինչ լուսանկարում և տելեգրամյան ալիքներում ներկայացնում են 200 000»:
Արդեն վեցերորդ ամիսն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային:










