Գերմանիայի իշխող կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել
Արմին Լաշեթը դարձել է Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցության նոր նախագահ. դրա մասին են վկայում կուսակցության համագումարի քվեարկության երկրորդ փուլի արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով N24 հեռուստաալիքին:
«Արմին Լաշեթը հավաքել է 521 ձայն, Ֆրիդրիխ Մերցը՝ 466 ձայն: Այսպիսով, ընտրվել է Արմին Լաշեթը, նա ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը»,- հայտարարել է ՔԴՄ ներկայացուցիչը:
Նախագահի պաշտոնին հավակնում էր նաև շրջակա միջավայրի նախկին նախարար, Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենը, բայց առաջին փուլից հետո նա արդեն պարտվել էր:
Լաշեթը Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետն է, ամենամեծերից մեկը (Բավարիայի հետ միասին) և ամենաբազմամարդը Գերմանիայում: Նա միակ թեկնածուն է, որը մի ամբողջ տարածաշրջան կառավարելու փորձ ունի և ՔԴՄ ամենամեծ հողային միության ղեկավարն է:
Լաշեթին անվանում են կենտրոնամետ, այսինքն՝ նա պատրաստ է քաղաքական համագործակցության ավելի ձախ ուժերի, մասնավորապես՝ սոցիալ-դեմոկրատների հետ, որոնք ներկայիս կոալիցիոն կառավարության մաս են կազմում: Ենթադրվում է, որ Լաշեթը գաղափարապես ամենամոտն է Անգելա Մերկելին և կարող է շարունակել նրա կուսակցական քաղաքականությունը: Բացի այդ, ներկայիս ընտրական մրցավազքում նա հանդես էր գալիս որպես «բազային թեկնածու», այսինքն՝ ՔԴՄ շատ շարքային անդամներ ցանկանում էին հենց նրան տեսնել որպես կուսակցության առաջնորդ:
Ինչպես սպասվում էր ՔԴՄ նոր ղեկավարը նաև Բունդեսթագի ընտրություններում կդառնա Գերմանիայի կանցլերի թեկնածու և կփոխարինի Մերկելին Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում:










