Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել

20:38 • 16.01.21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նոր նախագահ է ընտրվել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Արմին Լաշետը:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, քվեարկության մասնակցած 991 մարդուց Լաշետի օգտին ձայն է տվել 521-ը: Երկրորդ փուլ դուրս եկած մյուս թեկնածուի՝ Ֆրիդրիխ Մերցի օգտին քվեարկել է 466-ը, 4 մարդ ձեռնպահ է մնացել:  

Լաշետն այժմ Բունդեսթագի ընտրությունների ժամանակ կարող է դառնալ կուսակցության թեկնածուն կանցլերի պաշտոնի համար: Նրան աջակցում են Մերկելը և առողջապահության գործող նախարար Յենս Շպանը:  

Սովորաբար կուսակցության նախագահն էլ դառնում է կանցլերի պաշտոնի թեկնածուն, ինչպես եղել է Անգելա Մերկելի դեպքում:  

Մերկելը կուսակցությունը ղեկավարել է 2000-2018 թվականներին: