Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 177 մարդ

22:59 • 16.01.21

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղի իրենց տներ են վերադարձել 177 մարդ, որոնց տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության մշտական վայրեր, հումանիտար օգնություն են տրամադրում և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրում ապահովվել է 177 մարդու վերադարձը Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 638 մարդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է տարվում 27 դիտակետերում:  

Նշվում է նաև, որ նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահները 530 հեկտար տարածք են ականազերծել Ղարաբաղում, ավելի քան 201 կմ ճանապարհ են մաքրել, ստուգել են 751 շինություններ և հայտնաբերել ու վնասազերծել են 23 530 պայթուցիկ սարքեր:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։