Ազգային անվտանգության որևէ ծառայություն չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը, եթե անգամ հրապարակվել են ուղղակի ապացույցներ. Գոհար Մելոյան

03:17 • 17.01.21

Ազգային անվտանգության որևէ ծառայություն չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը, եթե անգամ հրապարակվել են ուղղակի ապացույցներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի՝ թուրքական, այնուհետեւ՝ հայկական ԱԱԾ-ի կողմից բացահայտվելուց հետո նաեւ հայկական գործակալ լինելու մասին տեղեկատվություն։

Վերոնշյալը շտապեց հերքել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ակնհայտ է, որ որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։

Ավելին, չի էլ հերքի որևէ անձի իր գործակալ հանդիսանալու հանգամանքը, անգամ, եթե հրապարկվել են դա հավաստող ուղղակի, սեւը սպիտակի վրա գրված ապացույցները։

Հետևաբար՝ անիմաստ հերքումների վրա ժամանակ վատնելու փոխարեն, առաջարկում եմ հայրենի ԱԱԾ-ին, օրինակ՝ մեկնաբանել ՀՀ սահմանները ադրբեջանական GPS-ներով որոշելու հանգամանքը և պարզաբանել, թե արդյո՞ք այդ իրավիճակի նկատմամբ անտարբերությունն ու հանդուրժողականությունը, կամ, ընդհանրապես, դավադիր ուժերի շարունակական պաշտոնավարման հանդիսանում է իրավահպատակ վարքագիծ»,- գրել է Մելոյանը։

Նշենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:,

Արարատ Միրզոյանը հերքել էր հրապարակված տեղեկատվությունը՝ նշելով, թե սուտ մատնության համար դատարան է դիմելու, որից հետո, որպես իր ասածի ապացույց, Միքայել Մինասյանը ներկայացրել է Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը: