Հիլարի Քլինթոնն ու դուստրն աշխատում են Սիրիայում ԻՊ-ի դեմ քուրդ կանանց պայքարի մասին դրամատիկ ֆիլմի սցենարի վրա
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա դուստրը՝ Չելսի Քլինթոնը, աշխատում են քուրդ կանանց աշխարհազորի և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ քուրդ կանանց պայքարի մասին պատմող դրամատիկ ֆիլմի սցենարի վրա, հաղորդում է Hollywood Reporter-ը։
Ըստ հաղորդման՝ Քլինթոնների՝ կինոաշխարհում առաջին նախագիծը կիրականացվի իրենց պրոդյուսերական Hiddenlight ընկերության միջոցով։ Ֆիլմը հիմնված կլինի Գեյլ Ցեմախ Լեմոնի «Քոբանիի դուստրերը. ապստամբության, խիզախության և արդարության պատմություն» գրքի վրա։
Գիրքը, որը փետրվարի 16-ին կհրատարակվի Penguin Press հրատարակչության կողմից, «հիմնված է քուրդ կանանց աշխարհազորի ներսում հարյուրուրավոր ժամեր տևած հարցազրույցների և ռեպորտաժների վրա»։
«Կոբանիի դուստրերն արտասովոր պատմություն է քաջ, ըմբոստ կանանց մասին, որոնք պայքարում են հանուն արդարության և հավասարության։ Մենք HiddenLight-ը ստեղծել ենք այն հերոսներին փառաբանելու համար, որոնց քաջությունը շատ հաճախ անտեսվում է»,- ասել Քլինթոնը։
ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերն ԻՊ-ին ջախջախել են Քոբանիում՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդական քաղաքում, որտեղ սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց ամենամեծ կոտորածներից մեկը․ ԻՊ-ը 2014 թվականին ավելի քան 200 մարդ է սպանել:
Ջիհադիստական կազմակերպությունն, ի վերջո, քաղաքից դուրս է մղվել քրդական ուժերի կողմից, որոնց Անկարան դիտարկում է որպես «Թուրքիայի գոյատևման համար սպառնալիք»։










