Բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից․ գլխավոր դատախազից պահանջելու ենք ձերբակալել գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին. Արշակ Զաքարյան (տեսանյութ)

16:34 • 28.01.21

Այսօր մեզնից կտրվեց հայրենիքի մի հատվածը և դավադրաբար հանձնվեց թշնամուն: Այս մասին Հանրապետության հրապարակում իրականացվող հավաքին ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։

«Մեր բանակը իր պարտքը կատարեց, բայց մենք գիտենք, որ մեր բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից, եթե թշնամին չներխուժեր մեր մեջ և մեզ հետ հայերեն խոսելով չխաբեր, չտիրանար երկրի կառավարությանը և չտաներ երկիրը այսպիսի պարտության»,- ասաց նա և նշեց, որ սա վերկուսակցական հավաք է:

Արշակ Զաքարյանն ընթերցեց հանցանքները, որոնք իշխանությունները կատարել են և պետք է կանգնեն հայոց դատի առաջ: Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և եթե իշխանությունը երկրին ակնհայտ տանում է կործանման, կամ ժողովրդի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել պետական հանցագործություն, ապա ժողովրդի իրավունքն է ապստամբել այդ իշխանությունների դեմ:

Նա ասաց, որ իրենք չեն հրաժարվում այն հայտարարությունից, պետք է գործողություններ արվեն, բայց չեն եկել այստեղ, որ մարդկանց տանեն արկածախնդրության:

«Ես շատ եմ ցավում, որ այսքան մարդիկ են միայն, որ տեսնում են այն վտանգը, որ կանգնած է մեր երկրի առաջ: Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացնում է այս իշխանությունը փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր: Ես առաջարկել եմ, որ բոլորս միասին գնանք և շրջափակենք Գլխավոր դատախազության շենքը և պահանջել գլխավոր դատախազից ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին տղամարդկություն ունենալ և գալ այս մարդկանց հանդիպել: