Լիբանանի վարչապետն ու նախագահը դատապարտել են Տրիպոլիում զանգվածային անկարգությունները (լուսանկարներ)
Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն ու նախագահը դատապարտել են բռնությունները Տրիպոլի քաղաքում, որտեղ կորոնավիրուսային արգելափակումներից բարկացած ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ և հրկիզել քաղաքապետարանի շենքը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Հանցագործները, ովքեր այրել են քաղաքապետարանը և փորձել այրել դատարանը ներկայացնում են Տրիպոլիի նկատմամբ սև ատելությունը», - ասվում է վարչապետ Հասան Դիաբի հայտարարության մեջ, որը խոստացել է, որ քաղաքապետարանի շենքը հնարավորինս արագ կվերականգնվի: Իր հերթին, նախագահ Միշել Աունը նույնպես դատապարտել է անկարգությունները՝ ասելով. «Հիմա մարտահրավերն այս հանցագործներին պարտության մատնելն է` նրանց մեկ առ մեկ ձերբակալելով և դատական համակարգին հանձնելով»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը, չորեքշաբթի օրը Լիբանանի Տրիպոլի քաղաքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել 200 մարդ՝ սրելով երկրում առկա ճգնաժամը: 29-ամյա Օմար Թայբան, որը հրազենային վիրավորում էր ստացել, դարձել է այս շաբաթվա սկզբին բռնկված ցույցերի առաջին զոհը: Ակցիայի մասնակիցները ինքնաշեն պայթուցիկներ ու քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են արցուքաբեր գազով: Անվտանգության ուժերն իրենց թվիթերյան հաշվում տեղեկացրել են 9 վիրավորի մասին:
Լիբանանի ամենաաղքատ շրջանում բողոքի ակցիաները սկսվել են տնտեսական վատ պայմանների պատճառով, որոնք առավելապես վատթարացել են Լիբանանի տնտեսական ճգնաժամի և համաճարակի հետևանքով սահմանված արգելափակումների հետևանքով:
«Մենք պահանջում ենք պետություն, մենք պահանջում ենք երկիր և պահանջում ենք բարելավել Տրիպոլիի սոցիալական և քաղաքական պայմանները», - ասել է Տրիպոլիի բնակիչ Ռաբիհ Մինան, ով մասնակցում է հակակառավարական ցույցերին:
Որոշ վերլուծաբաններ նախազգուշացրել են, որ անվտանգության ուժերը, որոնց աշխատավարձն արագորեն կորցնում է արժեքը, չեն կարող զսպել աճող անկարգությունները:
Միլիարդատեր գործարար և նախկին վարչապետ Նաժիբ Միքաթին, ով Տրիպոլիից է, ուրբաթ օրն ասել է, որ եթե բանակն ապացուցի, որ չի կարող վերահսկողությունն իր ձեռքը վերցնել, կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել:
«Գուցե ես ստիպված լինեմ զենք կրել, որպեսզի պաշտպանեմ ինձ և իմ հաստատությունները », - տեղական լրատվամիջոցներին ասել է Միքաթին:
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Լիբանանը գտնվում է ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունները դեռևս քայլեր չեն ձեռնարկել, քանի որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահաննգստում տեղի ունեցած պայթյունից հետո դեռևս չեն կարողանում կառավարություն կազմել:










