«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» սկսում է «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման 2-րդ ծրագրի հայտերի ընդունումը
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» սկսում է «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագրի հայտերի ընդունումը, տեղեկացնում է հիմնադրամի կայքը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 15, 2021 թ.
Արդյունքների ամփոփումը՝ մարտի 29, 2021 թ.
Դրամաշնորհի չափը՝ 2.5-5 մլն ՀՀ դրամ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարեց պատմագիտական հետազոտությունների իրականացման ծրագրի մեկնարկի մասին։ Ընդհանուր հաշվով 6 երկրից ստացվել է 54 հայտ։ 2020-21 թթ․ ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը։
«Մինասյան» կենտրոնն ուրախ է ազդարարել, որ սկսում է պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագիրը։ 2021-22 թթ․ ընթացքում «Մինասյան» կենտրոնը պատրաստ է աջակցել հետևյալ թեմաներով գիտական հետազոտությունների իրականացմանը՝
· Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
· Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում,
· 1910-1920-ական թթ. հայոց պատմության վերագնահատման քառուղիներում,
· 1960-90-ական թթ. գաղափարախոսական կերպափոխումները Հայաստանում,
· Խորհրդահայ գործիչներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան և այլն,
· 20-21-րդ դարերի հայոց պատմության փուլաբաժանման խնդիրները,
· Պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդների փոփոխության առանձնահատկությունները վերջին 100 տարվա ընթացքում
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հայտերն ընդունվում են և հայերեն և անգլերեն լեզուներով, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.
· Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝
1․խնդրի կարևորությունը և գիտական հարցադրումը,
2․հետազոտության իրականացման մեթոդաբանությունը,
3․հետազոտության ակնկալվող արդյունքների ներկայացումը,
· հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
· հրատարակված հետազոտությունների ցանկը,
· հետազոտության իրականացման ժամանակացույցը,
· պահանջվող ֆինանսավորման չափը և մանրամասն նկարագիրը:
Հայտերը գնահատող անկախ հանձնաժողովը մեծապես կարևորում է առաջարկվող թեմայի նորարարությունը, հստակ շարադրված գիտական հարցադրումը, առաջարկվող հետազոտության մեթոդաբանության հստակությունը, հայտատուի և գիտական թիմի մասնագիտական կարողությունները, ծրագրի իրականացման ժամանակացույցի իրատեսությունը և պահանջվող ֆինանսավորման նպատակահարմարությունը։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:
Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:
2020 թ. մարտին հաղթած գիտնականները չեն կարող մասնակցել սույն փուլին։
Հայտերը minasyanseries@hmf.am էլ-հասցեին ուղարկել մինչև 2021 թ. մարտի 11-ը:
Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2021 թվականի հուլիսի 15-ին և դեկտեմբերի 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ): Հետազոտության վերջնական աշխատանքները (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2018 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:
Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։
Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.
· Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
· Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
· Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
· Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
· Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:










