Մյանմայում զինվորականները ձերբակալել են իշխող կուսակցության ղեկավարին և երկրի նախագահին

09:07 • 01.02.21

Մյանմայում զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Վին Մյինտին և իշխող  «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիին, որը նաև երկրի արտաքին գործերի նախարարն է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության մամուլի քարտուղար Միո Նյինտին։

«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին ասել՝ պետք չէ տաքարյունություն դրսևորել։ Ես ցանկանում եմ, որ նրանք գործեն օրենքի շրջանակներում»,- ասել է նա։

Նյինտի տեղեկություններով՝ կուսակցության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ նույնպես ձերբակալվել են։ Նրա խոսքով՝ ակնկալում է, որ շուտով իրեն էլ կձերբակալեն։ Կուսակցության մամուլի քարտուղարը Agence France Press-ին հայտնել է, որ Աուն Սան Սու Չժին ձերբակալվել է Մյանմարի զինվորականների կողմից:

«Մենք տեղեկություններ ունենք, որ նրան պահում են Մյանմարի մայրաքաղաք Նայպյիդոյում, կարծում ենք՝ բանակը գտնվում է պետական հեղաշրջման կազմակերպման գործընթացում»,- ասել է նա:

Ավելի վաղ Irrawaddy թերթը հայտնել էր, որ Մյանմարի կառավարության և զինված ուժերի ներկայացուցիչների հանդիպումը, որն ուղղված էր ընթացիկ քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, անհաջողությամբ է ավարտվել: Թերթի տվյալներով՝ զինվորականները դեմ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և չէին բացառել պետական հեղաշրջումը՝ պահանջելով քվեարկության արդյունքների վերաբերյալ հետաքննություն անցկացնել, որը, նրանց կարծիքով, կեղծվել է: 

2020-ի նոյեմբերի 8-ին Մյանմայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը՝ Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ։ Զինվորականների կողմից աջակցվող «Համերաշխություն և զարգացում» կուսակցությունը նվազագույն տեղեր է ստացել երկրի խորհրդարանում: