«Թաղում ենք գնում, հա՛մ ավտոս եմ ծախել, հա՛մ 700 դոլար փող եմ վերցրել, նոր հեռախոս եմ առել կոդի համար ու հիմա մեկնել չեմ կարողանում»․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (տեսանյութ)
12։11
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ՌԴ մեկնելու տոմս գնելու համար ստիպված է եղել վաճառել կովը։ «Աշխատանք չկա, ուզում եմ մեկնել արտագնա աշխատանքի, մի հատ կով ունեի, ծախել, տոմս եմ առել։ Ապրելու ելք չկա, ինչ անենք»,-նշեց նա։
Հարցին՝ իսկ հնարավորություն չի՞ եղել մնալ երկրում, անասնապահությամբ զբաղվել, քաղաքացին պատասխանեց, որ մի շարք դժվարություններ են առաջացել։ «Սաղ սուտ է, ինչ անասնապահություն։ Ոչ ջրելու հնարավորություն կա, ոչ խոտ կա, չենք կարողանում»,-նշեց նա։
11։13
«Երկու եղբայր ենք գնում, թաղում ենք գնում, հա՛մ ավտոս եմ ծախել, հա՛մ 700 դոլար փող եմ վերցրել, 3 օրվա մեջ հարց լուծել, որ դուրս գամ այստեղից։ Երեք օր առաջ եկել եմ օդանավակայն, ասել են՝ նոր հեռախոս է պետք, գնացել եմ նոր հեռախոս էլ եմ առել, ու հիմա խնդիր է առաջացել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Նշենք, որ խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիներն այնպիսի լաբորատորիաներում են կորոնավիրուսի թեստ հանձնել, որը ներառված չէ ճամփորդական «Քովիդ19» հավելվածում, և այդ լաբորատորիների թեստերի արդյունքները հավելվածը չի ճանաչում:
10։38
Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։
«Հրաման է եղել, որ եթե կորոնավիրուսի թեստ ես հանձնում, ու բացասական է, կոդ ես ստանում, որով կարողանում ես մեկնել։ Այժմ հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է, անձնագիրը նկարում են, կոդը՝ ոչ։ Ասում են՝ մեզ կառավարությունը դեռ չի զգուշացրել դրա մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
ՌԴ մեկնել ցանկացող մեկ այլ քաղաքացի ներկայացրեց, որ երկու օր առաջ եղել է օդանավակայանում, տեղեկացել պայմանների մասին․ «Ես հարցրել եմ՝ եթե էս թեստը հանձնեմ, պատասխանատվություն կրու՞մ եք, որ ես այդ բացասական թեստով կմեկնեմ Մոսկվա, ասացին՝ այո, պետք է մուծել 15 000 դրամ»,-ասաց նա։
Նա նշեց, որ տոմսը գնել է Աշտարակից՝ 151 000 դրամով, տոմսավաճառն էլ ասել է, որ եթե թեստի պատասխանը դրական լինի, կարող են տոմսը հետաձգել այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի թռիչքի, սակայն օդանավակայանում առաջացած խնդիրները խոչընդոտում են։










