Հռոմի պապը պապիկների և տատիկների միջազգային օր է սահմանել

10:12 • 01.02.21

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տատիկների, պապիկների և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ տարեցների համաշխարհային օր է սահմանել։ Այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ այն կնշվի տարին մեկ անգամ՝ որպես տարեց մարդկանց նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև հասարակության համար նրանց կարևորությունն ընդգծելու օր։ 

«Պապիկներին և տատիկներին հաճախ մոռանում են: Եկեք չմոռանանք այս հարստությունը, պահպանենք հիմքերը և փոխանցենք դրանք»,- ասել է Հռոմի պապը և հավելել, որ տոնը կանցկացվի ամեն տարվա հուլիսի չորրորդ կիրակի օրը:

Այս առնչությամբ նա մանրամասնել է՝ տոնակատարության ամսաթիվն ընտրվել է Հիսուս Քրիստոսի պապի և տատի՝ Հովակիմ և Աննա սրբերի մեծարման օրվան մոտ լինելու համար։