Միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը կքննեն առանձին ենթամասնագիտացմամբ դատավորները․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

19:16 • 03.02.21

ՀՀ ազգային ժողովն երկրորդ  ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց՝«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:

Նախագծին կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ`24, ձեռնպահ՝ 1։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են միջդատական վարույթի փուլին:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: Այս նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝ Երևանում: