Աբովյանի թիվ 1 դպրոցի աշխատակիցները պահանջում են բեկանել տնօրենի նշանակման որոշումը, այլապես՝ աշխատանքից ազատման դիմում կներկայացնեն
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցի նախկին տնօրենին, փոխտնօրենին և որոշ ուսուցիչներին ծանուցել են ներկայանալ բաժին, իսկ հակառակ դեպքում՝ բերման կենթարկեն:
«Նրանց ծանուցում են ուղարկել՝ նշելով, որ եթե չներկայանան բաժին, նրանց բերման կենթարկեն։ Նախկին տնօրենը, փոխտնօրենը և դպրոցի ուսուցիչները գտնվում են բաժանմունքում, իսկ մյուս բոլոր ուսուցիչները ոստիկանության շենքի դիմաց են, ես նույնպես գնում եմ այնտեղ»,- հայտնեց Հայկ Փայտյանը։
Ըստ Հայկ Փայտյանի՝ ուժային գործողություններով փորձում են լռեցնել դպրոցի աշխատակազմին և աշակերտներին, ովքեր բողոքում են նորանշանակ տնօրենի դեմ:
«Ուժային միջոցներով վախի մթնոլորտ ստեղծելով՝ մեզ փորձում են լռեցնել և ստիպում են, որ հետ կանգնենք մեր պայքարից, արդար ճանապարհով մեր իրավունքները պաշտպանելուց։ Նրանք ստիպում են, որ մենք ենթարկվենք նրանց անտրամաբանական, անհիմն և հակասական որոշումներին»,- ասաց Հայկ Փայտյանը։
Հայկ Փայտյանը հավաստիացրեց՝ դպրոցի նոր տնօրենի նշանակումը պայմանավորված է քաղաքական հիմունքներով։
«Այդ թեկնածուին ձայնը տվողներից մեկը Ռոմանոս Պետրոսյանի քենին է, մյուսը՝ եղբոր կինը, նրա խորհրդականը և մեկ հոգի, ով մարզպետարանում էր աշխատում, այսինքն ամբողջությամբ քաղաքական նկատառումով նշանակում է»,- ասաց Հայկ Փայտյանը։
Փայտյանը հայտնեց՝ եթե որոշումը չբեկանվի, ամբողջ դպրոցի անձնակազմը ազատման դիմում կներկայացնի։
«Մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է և այդ որոշման բեկանումը, քանի որ այդ որոշումը հակասական է և սխալ։ Որոշումը պետք է բեկանվի և նախարարը պետք է արդար հիմունքներով տնօրեն նշանակի, ինչը միանշանակ լինելու է մեր օգտին։ Եթե որոշումը չչեղարկվի, բոլոր ուսուցիչները և դպրոցի ողջ անձնակազմը՝ 25 հոգիս, աշխատանքից դուրս կգանք»,- ասաց Հայկ Փայտյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին դպրոցում տեղի են ունեցել տնօրենի թափուր տեղի մրցույթ և երկու թեկնածուները՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Քարմիլե Առաքելյանը, ովքեր հավաքել էին ՝4-ական ձայներ, իսկ այդ դեպքում որոշում կայացրել է ԿԳՄՍՆ-ն, որի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել Քարմիլե Առաքելյանը։










