Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքը

09:53 • 04.02.21

Սիրիայի արաբական բանակը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել Իսրայելի պաշտպանական ուժերի հրթիռային հարվածները, որոնք իրականացվել են գրավված Գոլանի բարձունքների շրջանից, հայտնում է almasdarnews.com թերթը:

Ըստ Սիրիայի արաբական բանակի հայտարարության` «թշնամին չորեքշաբթի երեկոյան ուղիղ 22-անց 42-ին իրականացրեց օդային ագրեսիա սիրիական գրավյալ Գոլանից՝ հրթիռներով թիրախավորելով հարավային որոշ շրջաններ»: Աղբյուրը նշել է, որ Սիրիայի արաբական բանակը խոցել է հրթիռների մեծ մասը, և սիրիական կողմի կրած վնասը միայն նյութական է եղել:

Պայթյունները հիմնականում տեղի են ունեցել ալ-Սուեյդայի և Դամասկոսի շրջաններում, տեղեկացրել է աղբյուրը:

2021 թվականի սկզբից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի անգամ հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին, այդ թվում ՝ զանգվածային հարձակում են իրականացրել Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող Դեր Զորի արևելյան նահանգին: