Ռազմական դրությունն իշխանությունների համար հակակառավարական ակցիաների ցրման պատրվակ է. Economist Intelligence Unit-ի զեկույցում Հայաստանի «ժողովրդավարական» գնահատականը զգալի նահանջ է արձանագրել
Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, որից պարզ է դառնում, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը ու նահանջ արձանագրել սանդղակում՝ 86-ից հասնելով 89-րդ տեղը։
Զեկույցը մանրամասնում է՝ 2020 թվականի ընթացքում Հայաստանը 3 հորիզոնականով նահանջել է իր դիրքից և շարունակել է մնալ «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Հիշեցնենք՝ այս կատեգորիայում Հայաստանի ընդհանուր միավորը 5.35 է, որն ավելի ցածր է նախորդ տարվա 5.54-ի համեմատ:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասով ընդհանուր միավորների բաշխմանը, ապա այս դեպքում զեկույցում առանձնացված 5 կատեգորիաներում պատկերը հետևյալն է. ընտրական գործընթաց և բազմակարծություն՝ 7.50, կառավարության գործունեություն՝ 5.00, քաղաքական մասնակցություն՝ 6.11, քաղաքական մշակույթ՝ 3.13 և քաղաքացիական ազատություններ՝ 5.00 միավոր:
Բացի այդ, զեկույցում նշվում է՝ թվարկված կատեգորիաներում 2020 թ.-ին Հայաստանի միավորները զգալիորեն անկում են ապրել այն դեպքում, երբ երկիրը նախկինում հաղթահարել էր տարածաշրջանային միտումը և զգալի բարելավում էր գրանցել 2018-2019 թվականներին:
«Այնուամենայնիվ, 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության հետևանքով Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն էր մտցրել, որը էապես սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը: Ռազմական դրությունը շարունակում է գործել նույնիսկ կրակի դադարեցումից հետո և որպես պատրվակ օգտագործվում է իշխանությունների կողմից հակակառավարական բողոքի ակցիաների ցրման համար, որի ժամանակ բերման են ենթարկվում կամ ձերբակալվում ընդդիմության առաջնորդները»,- հստակեցնում են հեղինակները:
Ինչ վերաբերում տարածաշրջանային երկրներին, ապա Վրաստանը (հիբրիդային ռեժիմ), ընդհանուր առմամբ, ունի 5.31 միավոր, որով զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, Թուրքիան (հիբրիդային ռեժիմ) իր 4.48-ով՝ 104-րդն է, Ադրբեջանը (ավտորիտար ռեժիմ)՝ 2.68 միավորով 146-րդը, Իրանը (ավտորիտար ռեժիմ)՝ 2.20 միավորով 152-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը (ավտորիտար ռեժիմ)՝ 3.31 միավորով 124-րդն է:
Վարկանիշի առաջատարներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան և Դանիան:
Հիշեցնենք՝ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում։ Առանձնացվում են չորս ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0 միավորը նշանակում է բացարձակ ավտորիտար, իսկ 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար:











