«Հասարակությունը դժգոհ է». Հրվ. Կորեայի վարչապետը կարգադրել է վերանայել սոցիալական հեռավորության կանոնները
Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սյե-կյունը կարգադրել է փոփոխություններ մտցնել սոցիալական հեռավորության պահպանման ուղեցույցներում՝ կորոնավիրուսի նոր տեսակներով վարակման դեպքերը կանխարգելելու, և այդ առնչությամբ հասարակության աջակցությունը ստանալու համար: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ երկրի ղեկավարը ստիպված է եղել նման որոշում կայացնել հասարակության դժգոհությունների ֆոնին: Հարավային Կորեայում մի քանի ամիս շարունակ գործում է հնգաստիճան սոցիալական հեռավորության համակարգ` 1, 1.5, 2, 2.5 և 3 ձևաչափով, որտեղ 1, 1.5, 2-ը համարվում են կորոնավիրուսի տարածաշրջանային օջախներ, իսկ 2.5 և 3-ը՝ հանրապետական: Բացի այդ, երկիրը բաժանված է 7 տարբեր շրջանների և առանձին վայրերում գործում են տարբեր կանոններ:
Համակարգի ներդրումից հետո երկրի մի շարք շրջանի քաղաքացիներ դժգոհություններով են հանդես եկել, նշելով՝ նման բալային համակարգով անարդարացիորեն խախտվում են իրենց իրավունքները և այնպիսի սահմանափակումներ են ներդրվում, որոնք վնաս են հասցնում տեղական բիզնեսին: Բացի այդ, նրանց կարծիքով` բալային համակարգն իրականում այնքան էլ արդյունավետ չէ:
Չնայած այս ամենին՝ տեղի առողջապահական մարմինները նախազգուշացրել են, որ չի կարելի բացառել կորոնավիրուսի չորրորդ ալիքի վտանգը, որը կարող է առաջանալ հիվանդության՝ ավելի վարակիչ «բրիտանական» և «հարավաֆրիկյան» մուտացիաների տարածման պատճառով, քանի որ երկրում այս պահին արդեն իսկ գրանցվել է նոր մուտացված տարբերակով վարակման 39 դեպք:
Նշենք՝ Հարավային Կորեան այն երկրներից մեկն է, որը կարողացել է հաջողությամբ դիմագրացել կորոնավիրուսային համավարակին: Ողջ աշխարհում հիվանդության տարածումից ի վեր՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 79 762 դեպք, մահացել է 1448 մարդ:
Նախորդ օրը Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը հաղորդել էր 451 նոր դեպքի և 7 մահվան մասին:










