Բանակցությունները շարունակվում են, Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ. Գորիսի փոխքաղաքապետ (տեսանյութ)
Երեկ՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Բանակցությունները շարունակվում են, Սև լիճը շարունակում է մնալ թշնամու տիրապետության տակ. Գորիսի փոխքաղաքապետ
Երեկ կեսօրից մենք բարձրաձայնեցինք Սյունիքում առկա խնդիրը, որոշ մարդիկ փորձեցին ասել, որ մենք սուտ ենք խոսում, պրովոկացիաներ ենք անում և շահարկումներ, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և մենք երբևիցե սուտ ինֆորմացիա չենք տարածել և ի սկզբանե ասել ենք՝ կրակոցներ և վիրավորներ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին:
«Բանակցությունները շարունակվում են, իսկ երեկվա բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել: Փաստն այն է, որ 3-3,5 կիլոմետր ներխուժել են ՀՀ պետական սահման: Բանակցող կողմը 1-ին բանակային կորպուսն է՝ սահմանապահ զորքերի հետ միասին, և մենք հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը, իսկ այս հարցը մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Սև լճի տարածքում խնդիրներ ունենք, որ մենք բաց և չպահպանվող տարածքներ ունենք, ոռոգման, խմոցների, ջրամբարի հետ կապված խնդիրներ ունենք»,- ասաց Մենուա Հովսեփյանը:
Գորիսի փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց՝ առաջին բանակային կորպուսը այս պահի դրությամբ լուծում է իր առաջ դրված խնդիրը, իսկ երեկվա ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին, փոխքաղաքապետն անլուրջ որակեց:
«Ես անգամ չեմ ուզում մեկնաբանել, լուրջ չեմ համարում, երբ խոսում են մի բարձունքի մասին հեգնական ձևով, այսինքն՝ մի բարձունք է, դե ոչինչ, բայց մեզ համար ցանկացած բարձունք կարևոր է, և մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած փոփոխության: Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, բայց թող չմտածեն, որ ինչ-որ մի բան կարող է սյունեցուն վախեցնել և հետ կանգնեցնել ճիշտ ճանապարհից»,- նշեց Գորիսի փոխքաղաքապետը:
Նա նաև հավելեց՝ ստրատեգիական առումով թշնամին այս պահին զբաղեցնում է անառիկ դիրքեր՝ անդրադառնալով Սև լճի կարևորությանը տարածաշրջանում, որը այս պահին գտնվում է թշնամու վերահսկողության տակ:
«Սև լիճը նաև լուրջ ռազմավարական հարց է լուծում, ինքը քաղցրահամ ջուր է և, ըստ մասնագետների՝ կոնկրետ մեր տարածքի ջուրը հենց այնտեղից է գալիս և Գորիսի քաղցրահամ ու հայտնի ջուրը գալիս է հենց այդ լճից»,- ընդգծեց նա:
Գորիսի փոխքաղաքապետը նաև ուղերձ հղեց ԱԺ պատգամավորներին, որոնք նշում էին՝ Սյունիքում անվտանգ է: Հովսեփյանը նշեց՝ հիմա թող գան իրենք աչքերով, նաև ֆիզիկապես շոշափելով հասկանան՝ Սյունիքը անվտանգ չէ:
«Սյունիքը անվտանգ չէ, քանի որ մենք չունենք անվտանգության գոտիներ, մեր ճանապարհների մի մասը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, մենք ունենք իրավական խնդիրներ, ճանապարհներին մարդկանց անվտանգությունը ապահովված չէ, և առհասարակ սյունեցու կարգավիճակը այս պահին ապահով չէ»,- ասաց Մենուա Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
Նշենք նաև, որ ադրբեջանցիները Վերիշենից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքին են, իսկ Վերիշենը Գորիս քաղաքից հեռու է 3 կմ։










