Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ. Սի Ծինփին

12:54 • 21.12.22

Չինաստանը պատրաստ է գնալ Ռուսաստանի հետ մերձեցման՝ հանուն ավելի արդար գլոբալ կառավարման: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է kommersant.ru-ն:

«Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ՝ նոր դարաշրջանում չին-ռուսական հարաբերությունները մշտապես զարգացնելու և գլոբալ կառավարման զարգացումն ավելի արդար և ողջամիտ ուղղությամբ համատեղ խթանելու համար», - Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հանդիպել է Սի Ծինփինի հետ. նրա այցի մասին նախապես չեր հայտարարվել։ Նա Չինաստանի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

Արևմտյան երկրները բազմիցս կոչ են արել Չինաստանին ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի զինված հակամարտությունը կարգավորելու համար։

«Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնում է, որ Սի Ծինփինը կարող է դեկտեմբերի վերջին հանդիպել  Վլադիմիր Պուտինի հետ: