Հարավային Կորեայի շնաբույծները մտադիր են 2 միլիոն շան բաց թողնել Սեուլի կառավարական շենքերի մոտ

10:55 • 27.11.23

Հարավային Կորեայի շնաբույծները սպառնացել են երկու միլիոն շան բաց թողնել Սեուլի կառավարական գրասենյակների մոտ՝ ի նշան բողոքի 2027 թվականից շների միսն արգելելու ծրագրերի դեմ: Այս մասին գրում է vietnam.vn-ն:

«Շան միս ուտելը չի կարող հանցագործություն համարվել, ինչպիսին է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կամ մարմնավաճառությունը: Ոչ ոք երբեք շան միս չի կերել՝ ուրիշներին վնասելու համար»,- ասել է Կորեայի շնաբույծների ասոցիացիայի ղեկավար Ջու Յանգ Բոնգը։

Ըստ Ջուի՝ Կորեայի շնաբույծները շատ դժգոհ են երկրում շան միսն արգելող օրինագծից:

«Մենք կարող ենք երկու միլիոն շան բաց թողնել նախագահական գրասենյակի, գյուղատնտեսության նախարարի նստավայրի և օրինագիծն առաջարկած օրենսդիրների գրասենյակների մոտ», - ասել է Ջուն:

Շնաբույծների ասոցիացիան նախկինում դիմել էր կառավարությանը՝ շներին «ընտանի անասնաբուծական կենդանիների» շարքը դասակարգելու համար, սակայն դա արդյունք չէր տվել:

Շան միս ուտելը Կորեական թերակղզում հին ավանդույթ է, սակայն ավելի ու ավելի շատ կորեացիներ ցանկանում են, որ կառավարությունն արգելի շան մսի օգտագործումը՝ կենդանիների իրավունքների հետ կապված աճող մտահոգությունների և երկրի հեղինակության վրա բացասական ազդեցության վերաբերյալ մտավախությունների պատճառով:

Հարավային Կորեայի առաջին տիկին Կիմ Կեոն Հին նույնպես հրապարակայնորեն աջակցել է շան մսի օգտագործման բոլոր ձևերի արգելքին: Նա և իր ամուսինը՝ նախագահ Յուն Սեոկ Յոլը, որդեգրել են մի քանի թափառող շան:

Կորեայի կառավարության տվյալներով՝ երկրում ներկայումս կա շուրջ 1150 շների ֆերմա, 34 սպանդանոց, 219 բաշխման կետ և շուրջ 1,600 ռեստորան, որոնք վաճառում են շան մսից պատրաստված սնունդ։ Անցյալ տարի Կորեայում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 64%-ը դեմ է եղել շան միս ուտելուն։ Հարցվածների միայն 8%-ն է ասել, որ նախորդ տարվա ընթացքում շան միս է կերել, մինչդեռ 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 27%: