Ժողովուրդ ջան, ՀՀ-ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է, բայց աղբի մեջ ապրելն ամոթ չի. Փաշինյան (տեսանյութ)
Այն որ երեխային հայհոյանք են սովորեցնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խտրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է, և մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես և այլն, որովհետև դրանից դուրս արդեն կասեն այս ինչի է այսպես, որը բարեբախտաբար փոխվում է միայն կրթության շնորհիվ, դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել և այլն և այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին։ Որովհետև ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մտնել, հենց որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում: Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է և ամոթ լինի։ Կարող է նաև մահացու մեղքը լինի։ Հետո ասում են բա բանակում այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ, այդպես եղավ, այդպես եղավ, որ 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է: Հետո բա ո՞նց եղավ։ Հենց այդպես եղավ, ժողովուրդ ջան։ Ես դրա համար եմ ասում և այդ այս թեմաների հետ մենք ինչքան հրապարակային այդքան չենք աշխատում, բայց ոչ հրապարակային, շատ մանրակրկիտ ենք աշխատում: Բանակի մասին, որ անընդհատ խոսվում է, իսկ վերջում ասում ենք, բա ուր է նայում ռազմական ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները, մենք պետք է հետ գնանք ու հասկանանք, որ այդ պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ: Բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում է միջավայրի նկատմամաբ մեր վերաբերմունքի կուլտուրայից», -ասաց Փաշինյանը:














