Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել
Մեզ մոտ քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նախկին և ներկա աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածել, որ Շենգավիթի աշխատակազմի աշխատակիցներ են այսօր ձերբակալվել: 10-ից ավելի անձ է ձերբակալվել, որոնց մի մասը աշխատակազմի աշխատակիցներ են:
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատել է, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։
«Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,-գրել է նա:










