Lufthansa-ն դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել
Գերմանիայի և Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Lufthansa-ն, կրկին դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել: Այս անգամ դադարեցումը երկու շաբաթով է։ Lufthansa-ի ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու դեպի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան մինչև հունիսի 8-ը ներառյալ։ Սրա պատճառը Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի վերսկսած հարձակումն է և Եմենից հութիների օդային հարձակումները Իսրայելի վրա, գրում է Bild-ը։
Թռիչքի արգելքի պատճառն անվտանգության հետ կապված մտահոգություններն են: Որոշումը տարածվում է ավիաընկերությունների ամբողջ խմբի վրա՝ ներառյալ Lufthansa-ն, Swiss-ը, Brussels-ը, Austrian-ը, Eurowings-ը, Ita-ն և Lufthansa Cargo-ն: Տուժած ուղևորները կարող են անվճար չեղարկել արդեն գնված տոմսերը կամ վերամրագրել դրանք ավելի ուշ չվերթի համար, ասել են ընկերության ներկայացուցիչները։










