Ամենայն Հայոց Հայրապետը Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրել է ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ է կատարել Հայոց Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։
Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ դեսպանները թե՛ իրենց երկրներում, թե՛ ծառայության վայրերում վստահաբար առիթ ունեցել են շփվելու հայ համայնքների հետ, ծանոթանալու հայ ժողովրդի ազգային ավանդույթներին ու դավանած արժեքներին՝ հավելելով, որ սեմինարի անցկացումը Հայաստանում պիտի առիթ դառնա ավելի լավ ճանաչելու երկիրն ու նրա բազմադարյա ժառանգությունը, ինչպես և հաղորդ դառնալու Հայաստանում տիրող դժվարին կացությանը։

Նորին Սրբությունը նաև մտահոգությամբ անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին, ինչպես և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունը կարևորել է ԵՄ երկրների ու կառույցների կողմից առավել գործուն քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության առնչությամբ։
Վերջում դեսպան Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, կարևոր նկատել է Հայ Եկեղեցու հետ երկխոսությունն ու գործակցությունը ՝ ի նպաստ հարատև և արդար խաղաղության հաստատման։










