ՔԿ-ից ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվել է պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե

23:12 • 22.05.25

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: 

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում,  հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։  Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։

Փաստինֆոյի տեղեկություններով ձերբակալվածը ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 5-րդ վարչության պետն է: