Այս համագործակցությունն արժևորում է գիտական ժառանգության պահպանումը. Մատենադարանի և «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության համագործակցության տասնամյակի առթիվ կնքվեց փոխգործակցության նոր հուշագիր (լուսանկարներ)

12:13 • 04.06.25

«Ջեյ Թի Այ Արմենիան» կրկնապատկում է Մատենադարանի հրատարակչական ծրագրերի ֆինանսավորումը:  Մատենադարանի և «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության համագործակցության տասնամյակի առթիվ հունիսի 3-ին կնքվեց փոխգործակցության նոր հուշագիր, որը ոչ միայն ամփոփում է անցած տասը տարիների ձեռքբերումները, այլեւ՝ սահմանում ապագայի համատեղ ծրագրերի ուղենիշները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Մատենադարանի կողմից վերջին տասնամյակում իրականացված ու «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի աջակցությամբ հրատարակված գիտական արժեքավոր աշխատություններին, ինչպես նաեւ՝ կազմակերպությունների ապագա հրատարակչական ծրագրերին։

«Այս համագործակցությունն արժեւորում է գիտական ժառանգության պահպանումը, հետազոտական աշխատանքների շարունակականությունն ու Մատենադարանի միջազգային գործունեության ընդլայնումը», -ասաց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Միջոցառմանը մասնակցում էին «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի ներկայացուցիչ Արամ Արարատյանը, ինչպես նաեւ գիտական, մշակութային ու հանրային ոլորտների հյուրեր։

Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության աջակցությամբ հրատարակվել են շուրջ յոթ տասնյակ նշանակալի գիտական աշխատություններ։ Մատենադարանը սահմանել է հրատարակչական քաղաքականության նոր առաջնահերթություններ, ինչը նպաստելու է հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանն ու միջազգային դիրքավորմանը։

Իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է գործընկերների աջակցությունն ու հետագա համագործակցության ընդլայնումը. «Այս ամենն անչափ կարևոր է Մատենադարանի հանրահռչակման և աշխատակիցների աշխատությունները ներկայացնելու իմաստով: Եթե այս համագործակցությունը շարունակվի, ապա մենք կունենանք ավելի՛ որակյալ գրքեր, էլ՛ ավելի նոր համագործակցություններ, գրքեր, թանգարանային և գիտական աշխատություններ»,- ասաց նա:

Մատենադարանին իր փոխադարձ շնորհակալությունն է հայտնել «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության տարածաշրջանային գլխավոր տնօրեն Թովմաս Ադամսը։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ով 2000-ականներից սկսել է հետազոտությունները մի քանի աշխատության վրա, ամիսներ է անցկացրել Մատենադարանում հետազոտությունների վրա, ուսումնասիրել տարբեր ձեռագրեր՝ գտնելով քարտեզագրական տարբեր նյութեր. «Նյութերը բավական հարուստ էին, դրանք բոլորը հայերեն էին, հետևաբար հայերեն չիմացողները  հնարավորություն չունեին հասկանալու, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում: Աշխատանքիս ընթացքում հանդիպեցի հնագույն քարտեզին, որը 13-14-րդ դարի քարտեզ էր, և մտածեցի, որ անգլերեն հոդված պետք է գրեմ այդ քարտեզի մասին ու դա հրատարակվեց 2008 թվականին Լոնդոնում՝ ամենահայտնի քարտեզագրական ամսագրում: Երկար ժամանակ մտածում էի, թե ի՞նչ ձևով կարելի է մոտենալ խնդրին, որ նյութերը միայն հայերեն չլինեն, պարոն Խզմալյանի հետ եկանք համաձայնության, որ անգլերեն աշխատություն էլ պետք է լինի, ու այն «Ջեյ Թի Այ Արմենիան» օգնեց, որ տպագրվի»,-ասաց Գալչյանը:   

Ի դեպ, Բամբեր Հայաստան ամսագրի քսան հատորը ևս հրապարակվել է «Ջեյ Թի Այ Արմենիան»-ի աջակցությամբ:

«Ջեյ Թի Այ Արմենիան» ընկերության կորպորատիվ կապերի պատասխանատու Արամ Արարատյանի խոսքով՝ կարծես թե տասը տարին բավականին լուրջ ժամկետ է համագործակցության համար, բայց մյուս կողմից նոր շունչ են հաղորդում այդ հարաբերություններին. «Մի փոքր ետ նայելով հասկանում եմ իհարկե, որ տասը տարին բավականին տպավորիչ թիվ է: Շնորհակալություն մատենդարանի նախկին տնօրեններին, ովքեր մեծ ներդրում ունեն այս համագործակցության գործում: Ուրախ կլինեմ տեղեկացնել մի նախագծի մասին, որը իրականացրեցինք եռակողմ ձևաչափով:  Մատենադարանը պատկանում է մեզ բոլորիս, այն մեծագույն արժեք է, դա մեր ինքնությամ մի մասն է, և ուրախ եմ, որ «Ջեյ Թի Այ Արմենիան» դրա մի մասնիկն է կազմում ու մենք փոքր ներդրում ենք բերում այդ գործում»,-ասաց Արարատյանը:  

Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանում, եղան  ձեռագրերի վերականգնման ու արխիվային բաժիններում։ Առաջին անգամ կազմակերպությանը շնորհվհվեց Մատենադարանի նորաստեղծ «Երախտագիտության մեդալ»-ը: