Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունի

15:49 • 08.06.25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել իր հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել: 

«Ո՛չ», - nbcnews.com-ին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք նա հարաբերությունների վերականգնման որևէ ցանկություն ունի։

Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ իր հարաբերությունները Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենի հետ ավարտվել են, Թրամփը պատասխանել է. «Ես ենթադրում եմ, որ այո»։

Թրամփի վերընտրվելուց հետո Մասկը նշանակվել էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար: Սակայն օրերս նա հեռացել է այդ պաշտոնից, ինչից հետո Թրամփն ասել է, որ հիասթափված է Մասկից: Դրանից հետո մլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր: