«30 տարի համի և որակի պատասխանատու». Բեկոն Պրոդուկտն այս տարի նշում է 30-ամյակը (լուսանկարներ)
Երևանում ավարտվեցին Գինու օրերը: Տասնյակ արտադրողներ ներկայացրին տեղական և արտասահմանյան գինիներ, և տարբեր սննդամթերքներ, որոնք համադրվում են գինու հետ: Գինու հետ լավագույն համադրություններից է մսամթերքը: Այս համադրությունը ոչ միայն գինու համն է ընդգծում՝ բացահայտելով նրա փափկությունը կամ խտությունը, այլ նաև գինու շնորհիվ մսամթերքն է համտեսողի մոտ առաջացնում նոր համային երանգներ: Այսպիսով՝ գինին և միսը կարող են փոխադարձաբար ուժեղացնել միմյանց հատկանիշները՝ ստեղծելով ներդաշնակ ու բալանսավորված համային համադրություններ։

Սարյան փողոցի գինու տոնին ներկաներն իրենց մեկ գավաթ գինին կարող են վայելել «Բեկոն» ընկերության մսամթերքով:
«Բեկոն» ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը: Անցած ճանապարհի, հաջողության գրավականի, թե ինչ միջոցառումներով են նշելու Ընկերության 30-ամյակը և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Ընկերության մարքեթինգի թիմի ղեկավար Անահիտ Բաղդասարյանի հետ:
Ընկերությունը 30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը սկսել է գինու փառատոնից, որտեղ կազմակերպվեց ազգային երգ ու պարի ցուցադրություն:

- Անահիտ, «Բեկոն» ընկերությունը նշում է իր 30-ամյակը։ Ինչ նշանակություն ունի այս տարեթիվը ձեր թիմի համար:
- «Բեկոն» ընկերության 30-ամյակը մեր ողջ թիմի աշխատանքի, նվիրվածության ու միասնականության արդյունքն է։ Այս տարեթիվը մեզ համար հպարտության, երախտագիտության ու նոր պատասխանատվության զգացում է առաջացնում։ Այս տարեթիվը միաժամանակ նաև երախտագիտության պահ է՝ մեր ողջ անձնակազմի, գործընկերների ու հաճախորդների նկատմամբ, ովքեր մշտապես եղել են մեր զարգացման ուղու կարևոր մասը։ 30 տարին նոր մեկնարկ է ընդլայնման, տեխնոլոգիական վերափոխման և միջազգային չափանիշներին համապատասխան նոր հաջողությունների համար։ Մենք լի ենք էներգիայով ու վճռականությամբ՝ վստահ քայլերով շարժվելու դեպի ապագա։
- Ի՞նչն է լինելու այս տարվա 30-ամյակի միջոցառումների հիմնական ուղերձը կամ գաղափարախոսությունը և ի՞նչ ուղերձ եք փորձում փոխանցել հանրությանը 30-ամյակի միջոցառումների միջոցով։
- 30-ամյակի միջոցառումների հիմնական ուղերձը լինելու է՝ «30 տարի համի և որակի պատասխանատու»։ Այս գաղափարախոսությունը խորհրդանշում է մեր երեք տասնամյակի կայուն ու վստահելի ներկայությունը շուկայում, մեր արտադրանքի բարձր որակը, ինչպես նաև մեր գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների հետ ձևավորված ամուր կապը։ Միջոցառումների շարքի միջոցով ցանկանում ենք արժևորել մեր անցած ուղին, ընդգծել նվիրված աշխատանքը, և կարևորել այն արժեքները, որոնք դարձել են մեր կայունության ու աճի առանցքը՝ Նորարարություն ամեն ինչում, Զարգացման միտված Մարդակենտրոն մոտեցում։
30-ամյակը մեզ համար ոչ միայն հիշողությունների ամփոփում է, այլ նաև՝ ապագայի նայելու հնարավորություն՝ նոր տեխնոլոգիաներով, նոր որակներով ու նոր տեսլականով։ Այս տարին լինելու է երախտագիտության, միասնության և վերափոխման տարի, որում կենտրոնացած ենք ինչպես մեր ժառանգության արժևորման, այնպես էլ՝ նոր հնարավորությունների ձևավորման վրա։
«Բեկոն Պրոդուկտ» ընկերության 30-ամյակի միջոցառումների նպատակն է հանրությանը փոխանցել մի կարևոր ուղերձ՝ հիմնարար արժեքների, պատասխանատվության և հավատի շուրջ ձևավորված որակյալ մսամթերքի արտադրության 30 տարվա պատմությունը շարունակվում է՝ նոր պայքարով: Մենք ուզում ենք հանրությանը հիշեցնել, որ «Բեկոն Պրոդուկտ»-ը միայն մսամթերք արտադրող ապրանքանիշ չէ, այլ՝ տարիների ընթացքում ձևավորված վստահելի գործընկեր, ով կանգնած է իր խոսքի և որակի հետևում։ Այս միջոցառումները առիթ են՝ շնորհակալություն հայտնելու մեր սպառողներին, գործընկերներին ու աշխատակիցներին, որոնք մեզ ուղեկցել են այս ամբողջ ճանապարհին։



- Ինչպիսի՞ արշավներ կամ միջոցառումներ եք նախատեսել՝ ընկերության այս կարևոր տարեդարձը նշելու համար:
- Միջոցառումները և անակնկալները շատ են լինելու մեր սպառողների համար։ Այսօրվա միջոցառումը փոքրիկ սկիզբն էր։ Դեռ փակագծերը չենք բացի, միայն կնշեմ, որ այս տարի հուլիսի 18-ին նոր ռեկորդ ենք սահմանելու։
- Ընկերության որ արժեքներն են նպաստել երկարաժամկետ կայունությանը:
- Ընտանիք: «Բեկոն Պրոդուկտում» աշխատակիցներն ավելին են քան ուղղակի գործընկերներ, այստեղ բոլորը մեծ ընտանիքի մաս են: Առաջնահերթություն տալով փոխադարձ հարգանքին, սիրուն, հոգատարությանը՝ կերտել ենք աշխատանքային թափանցիկ միջավայր, որին բնորոշ է ընտանեկան ջերմ մթնոլորտն ու վստահությունը։ «Ընտանիքի» արժեքն ընդգծելով՝ մենք ստեղծում ենք ամուր կապեր, որոնք ապահովում են հարմարավետության և անվտանգության զգացում աշխատակիցների համար։
Նորարարություն ամեն ինչում: Մենք անընդհատ ներդրումներ ենք կատարում նոր հետազոտությունների, տեխնոլոգիաների և տաղանդների զարգացման մեջ՝ ոլորտում առաջատար դիրքերում մնալու համար։ Դա օգնում է արագ արձագանքել շուկայի փոփոխվող իրավիճակին և միտումներին ու հաղթահարել նոր մարտահրավերները։ Մեր ամբողջ թիմը մտածում է կարծրատիպերից և արդեն գոյություն ունեցող շրջանակներից դուրս, ինչի արդյունքում ստեղծվում են այնպիսի պրոդուկտներ, որոնք նոր են շուկայում։
Զարգացմանը միտված Առաջնահերթություն տալով զարգացմանը, ընկերությունն չի խնայում ոչինչ ինչը կնպաստի անձնական և մասնագիտական աճին։ Մենք ընձեռնում ենք հնարավորություններ՝ նոր հմտությունների ձևավորման, սովորելու և կարիերայի առաջխաղացման համար, ինչպես նաև խրախուսում ենք ստեղծարարության, փորձարարության և հարմարվողականության մշակույթը, որտեղ աշխատակիցները կարող են իրենց գաղափարները ներդնել, նոր հնարավորություններ ուսումնասիրել և զարգացման նոր մակարդակներ գրավել:
Մարդակենտրոն մոտեցում Մարդը Բեկոնում մեծագույն արժեք է, որովհետև ամեն ինչի ստեղծման հիմքում հենց ինքն է։ Դա նշանակում է, որ ընկերությունը ձգտում է ստեղծել բազմազանության և արդարության մշակույթ, որտեղ բոլոր անհատները գնահատվում և հարգվում են իրենց յուրահատուկ հեռանկարների և ներդրումների համար:
Ապագայի հանդեպ վստահության կերտում Ապագայի հանդեպ վստահությունն ստեղծում է կայուն հիմքեր։ Այս արժեքն ընդգծում է կանխատեսելիությունը, հետևողականությունը և հուսալիության կարևորությունը մեր կյանքում: Կայունության շնորհիվ ստեղծում ենք ապագայի նկատմամբ վստահություն մեր աշխատակիցների համար։
Հաջողում ենք թիմով Միայն անհատական հաջողությունը բավարար չէ։ Բոլորս հանդիսանում ենք միևնույն տեսլականի կրողը: Սա միասնական մշակույթի մասին է, որտեղ գնահատվում և արժևորվում են յուրաքանչյուրի գաղափարներն ու ներդրումները։ Վստահ ենք՝ որտեղ աշխատանքը թիմային է, հաջողության հասնելն ավելի իրատեսական է։

-Ինչպե՞ս ծնվեց «Բեկոն»-ը ստեղծելու գաղափարը և ի՞նչն եք համարում «Բեկոն»-ի ամենամեծ ձեռքբերումներն այս 30 տարիների ընթացքում:
-«Բեկոն Պրոդուկտ» ընկերության ստեղծման գաղափարը ծնվեց 1995 թվականին մի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ էին կայուն, վստահելի և որակյալ տեղական մսամթերք արտադրողներ։ Մեր հիմնադրի նպատակն էր ձևավորել ընկերություն, որը կկարողանա արտադրել բարձրորակ մսամթերք՝ համադրելով ավանդական համերը ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Գաղափարը ոչ միայն բիզնես անհրաժեշտությունից էր, այլ ավելի խորքային մոտիվացիայից՝ ապահովել մարդկանց ամենօրյա անվտանգ, համեղ ու վստահելի սնունդը։ Սկզբում փոքր ծավալներով, 5 աշխատակից, միքանի տասնյակ անուն արտադրանք, բայց հավատը մեծ էր, որն էլ օգնեց սկսած աշխատանքը ժամանակի ընթացքում վերածել և դարձնել Հայաստանում առաջատար արտադրող։30 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է սպառողի վստահությունը։ Այսօր «Բեկոն»-ը ոչ միայն արտադրող է, այլ բրենդ, որին մարդիկ վստահում են։ Մենք հպարտ ենք, որ պահպանել ենք բարձր որակը, ներդրել ենք նորարարություն, ձևավորել ենք ուժեղ թիմ և շարունակում ենք զարգանալ, շարունակում ենք վստահ քայլերով առաջ շարժվել։



















