ՌԴ-ն և Ուկրաինան իրանակացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում

16:39 • 09.06.25

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է Ռուսաստան: Փոխանակվածների թիվը չի նշվում: Ուկրաինայի նախագահը հաստատել է երկրորդ խոշոր փոխանակումը: Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին:

«25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է։ Դրա դիմաց փոխանցվել է համարժեք թվով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։

Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի զինվոր է փոխանակվել։

«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով առաջիկա օրերին: Վերադարձվողների կատեգորիաների մեջ այժմ ներառված են վիրավորները և ծանր վիրավորները, ինչպես նաև 25 տարեկանից փոքր անձինք։ Գործընթացը բավականին բարդ է, կան բազմաթիվ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են գործնականում ամեն օր», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք է բերվել  ռազմագերիների մեծ փոխանակման մասին համաձայնություն, որը դարձել է հանդիպման հիմնական արդյունքը։ Պատվիրակությունները համաձայնել են փոխանակել բոլոր ծանր վիրավոր ռազմագերիներին, ինչպես նաև 25 տարեկանից փոքր գերիներին։