Իտալական հյուրընկալության ավանդույթները գալիս են Հայաստան (տեսանյութ, լուսանկարներ)
Դիլիջանում շուտով իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը կլինի կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։
Դասընթացները կիրականացնեն իտալացի փորձագետները՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող հայտնի Apicius International School of Hospitality կրթական հաստատության երկու ներկայացուցիչ՝ սննդի և գինու ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Մասիմո Բոկուսը և գինու ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Սալվատորե Պրոկոպիոն ժամանել են Հայաստան։ Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ, հիացմունքով են խոսում մեր երկրի, մարդկանց ու մթնոլորտի մասին։

Իսկ «Ապիցիուս» դպրոցի սննդի և գինու ուսումնասիրությունների գծով տնօրեն Մասիմո Բոկուսը փաստեց, որ մշակութային տարբերություններ շատ չեն զգում Հայաստանի և Իտալիայի միջև։ Սալվատորե Պրոկոպիոն շեշտում է, որ հյուրընկալության ոլորտը միայն տնտեսություն չէ․ այն մշակութային գործիք է՝ ինքնության ու հեղինակության փոխանցման համար։ Նա ընդգծում է՝ հյուրընկալության ոլորտը կարող է դառնալ Հայաստանի դեսպանը։ Երկու մասնագետներն էլ համոզված են՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտն արդեն իսկ ունի ամուր հիմքեր։

«Գրին ռոք» հիմնադրամի և նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինայի և «Գրին ռոք»-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանի բնորոշմամբ՝ սեպտեմբերից Դիլիջանում բացվելիք Apicius դպրոցը կլինի առաջին միջազգային կրթօջախը տարածաշրջանում, որը մասնագիտացած կլինի հյուրընկալության կառավարում, գաստրոնոմիա, գինի և առողջ ապրելակերպի մշակույթ ուղղություններով: «Գրին ռոք»-ը և «Գրին Ռոք» հիմնադրամը միտված են Դիլիջանի զարգացմանը՝ բիզնես և սոցիալական նախագծերի տեսքով, որի մաս է կազմում նաև հենց «Apicius» հյուրընկալության դպրոցը։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են կարիերա սկսել հյուրընկալության ոլորտում, կարող են համալրել դպրոցի ուսանողների շարքերը»,-ասաց «Գրին ռոք»-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ կրթական հաստատությունն իր դիմորդներին առաջարկում է ակադեմիական ծրագիր, մասնագիտական զարգացման ծրագրեր, ինչպես նաև կարճ դասընթացներ այցելուների համար։ Հակոբյանի խոսքով՝ կրթությունը տևում է 2 տարի, որի ընթացքում դիմորդը կարող է ինչպես 2 տարին էլ ուսում ստանալ Դիլիջանում, այնպես էլ կարող է առաջին տարին սովորել Դիլիջանում, իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում․ «Առաջին երկու տարվա ընթացքում «Ապիցիուս Արմենիա»-ում դասավանդելու է Իտալիայից հրավիրված դասախոսական կազմը։ Դասընթացներն անցկացվելու են անգլերենով, իսկ դրանք ավարտելուց հետո ուսանողները ստանալու են հավաստագիր, որն ունի նույն ուժը, ինչ Ֆլորենցիայում ուսանելու պարագայում։

Մասնագիտական ծրագրերն են՝ ռեստորանային կառավարում, գինու մշակույթ և կայուն հյուրընկալություն»։ «Գրին ռոք» հիմնադրամի և այս նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան, ներկայացնելով բացվելիք կրթական հաստատության գործունեության մանրամասները, ընդգծեց, որ այն հանդիսանում է ոչ միայն կրթական դասընթացների հաստատություն, այլև հարթակ է՝ ձևավորելու հյուրընկալության ոլորտում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ։ Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը: Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2,500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 600-ը մասնակցում են ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին: կրթօջախում սովորելու արժեքը մեկ տարվա համար կկազմի 3,500 եվրո, բացի այդ, կգործի կացության փաթեթ այն ուսանողների համար, որոնք կցանկանան ապրել հենց Դիլիջանում, որը կկազմի 1000 եվրո 10 ամսվա համար, այսինքն՝ սա կազմում է 100 եվրո ամսական, բայց սա կլինի համատեղ կացարան երկու հոգու համար։ Նրա խոսքով՝ դասընթացների մեկ այլ պահանջ է անգլերենի մակարդակը, քանի որ ակադեմիական ծրագրերի ընթացքում կրթությունը լինելու է անգլերենով, հետևաբար, անհրաժեշտ կլինի լեզվի իմացության որոշակի մակարդակ։ Ասուլիսից հետո իտալացի մասնագետները հատուկ հայ լրագրողների համար նեգրոնի պատրաստեցին՝ բացահայտելով այդ յուրահատուկ խմիչքի գաղտնիքները։











