Գյումրիից Կիպրոս առաջին թռիչքն արդարացրեց մեր սպասումները, մենք մեծ վստահություն ունենք, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ. «Wizz Air Hungary» գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշների հարցազրույցը Tert.am-ին (տեսանյութ)
Tert.am-ի զրուցակիցը «Wizz Air Hungary» գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշներն է:
-Պրն․ Տիշներ, հոկտեմբերի 1-ից սկսած՝ WizzAir-ն ութ նոր երթուղի է գործարկում Հայաստանից։ Ինչո՞ւ են ընտրել հենց այս ուղղությունները:
-Երթուղիների հետ կապված որոշում կայացնելիս մենք միշտ նայում ենք պահանջարկին, դիտարկում ենք ամենից տարածված ուղղությունները, որոնք ճամփորդության սիրված վայրեր են, օրինակ, հայաստանցիների համար և իհարկե այն վայրերը, որտեղից ամենից շատ քանակությամբ այցելուների հոսք ենք ակնկալում այս գեղեցիկ երկիր։ Բացի այդ, Հայաստանն ամբողջ Եվրոպայով մեկ ունի մեծ սփյուռք, և դա նույնպես կարևորագույն հանգամանք է, որ հաշվի ենք առել։
-Նաև սեպտեմբերի 30-ից թռիչքներ են լինելու Գյումրիից դեպի Կիպրոս։ Արդյո՞ք սա փորձնական, թե՞ երկարաժամկետ ծրագիր է։
-Ես հույս ունեմ, որ այն երկարաժամկետ ծրագիր կլինի։ Իրականում, այն մեկնարկել է միայն երեկ, ուստի այժմ փոքր-ինչ վաղ կլինի նոր երթուղիների հետ կապված որոշակի խոստումներ տալը, բայց մենք, այո՛, մեծ վստահություն ունենք։ Առաջին թռիչքն արդարացրեց մեր սպասումները, և մենք բավական լավատեսորեն ենք տրամադրված։
-Իսկ ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցի ուղևորների շրջանում։
-Հուսով եմ՝ այն բոլոր ուղղությունները, որոնք առաջարկել ենք, նախընտրելի են։ Այսպես, ունենք մի քանի երթուղի դեպի Իտալիա, ուստիև ավելացրել ենք Երևանից թռիչք իրականացնելու մեր օդանավակայանների քանակը։ Ունենք նոր ուղղություններ դեպի Գերմանիա, ինչպես գիտեք՝ Մեմինգեն և Համբուրգ։ Բայց ավելի հաճախակի ենք դարձրել, օրինակ, Դորտմունդ թռիչքները։ Նաև թռիչքներ ենք սկսել դեպի Փարիզ, որը վստահ եմ՝ բավական սիրված երթուղի է լինելու՝ հաշվի առնելով Ֆրանսիայում բնակվող մեծաքանակ հայկական սփյուռքը։ Բացի այդ, Կիպրոսն է կարծես բավական սիրված ուղղություն այստեղի բնակչության շրջանում։ Եւ այժմ մտածում եմ՝ Կիպրոսում ևս կարող ենք ունենալ քաղաք, որը մեզ կօգնի խթանել ճամփորդությունները դեպի այդ վայր։
-Վիեննան ևս սիրված ուղղություն էր, բայց մարտից սկսած թռիչքներ չեն լինելու։
-Այո՛, մարտից մենք դադարեցնելու ենք Վիեննա իրականացվող թռիչքները: Դա կազդի նաև Երևանի վրա, բայց այժմ մոռանանք այդ մասին։ Մենք առնվազն 15 երթուղի ենք ունենալու դեպի մյուս բոլոր եվրոպական քաղաքներ, ուստիև հայաստանցիների համար կան ճամփորդելու բազմապիսի հնարավորություններ։ Բազմապիսի են նաև այս երկիր այցելող հյուրերի հնարավորությունները։

-Այս տարի նախատեսում եք ապահովել Հայաստան այցելող և Հայաստանից մեկնող 1,2 միլիոն ուղևորի հոսք։ Արդյո՞ք այս թիվը իրատեսական է, թե՞ ասվում է ուղղակի մարքեթինգի նպատակով։
-Այս հաշվարկն արված է՝ ելնելով ուղևորատարության ցուցանիշից։ Մեկ օդանավը կարող է տեղափոխել 239 ուղևոր, բայց մենք հաշվի ենք առնում նաև ծանրաբեռնվածության գործոնը, որը 94 տոկոս է։ Իսկ սա շատ մոտ է մեկ թռիչքի համար նախատեսված ուղևորների քանակին։
-Ուղևորները բողոքում են ուշացումներից և չեղարկումներից։ Ինչպե՞ս կպատասխանեք նրանց։
-Չեմ կարծում՝ այս ամառ այդքան շատ են եղել չեղարկումները։ Եթե նայելու լինեք ամռանն իրականացրած մեր գործունեությանը, մենք լավագույն ավիաընկերությունների շարքում էինք։ Ինչ վերաբերում է չեղարկումներին, մենք թռիչքներ չեղարկելու իմաստով չէ, որ շուկայի առաջատար ենք։ Եթե ունենք թռիչք, մենք այն իրականացնում ենք։ Առաջադրանքները հաջողությամբ իրենց ավարտին հասցնելու իմաստով մեր ցուցանիշը 99,7% է։ Դա լավագույն ցուցանիշն է եվրոպական ավիաընկերությունների շրջանում, ուստի կարող եք վստահ լինել, որ եթե ունեք մեզնից ձեռք բերված ավիատոմս, մենք կիրականացնենք մեր թռիչքը։ Ընդունում եմ իհարկե, որ կարող են լինել որոշ ծայրահեղ իրավիճակներ, ինչպես օրինակ՝ եղանակի խափանումները, գործադուլներ որոշ երկրների օդանավակայաններում, ինչը կարող է խնդիրների պատճառ լինել, բայց սրանք չեն որպես կանոն թռիչքները չեղարկելու մեր փաստացի պատճառները (երբ մենք իսկապես ի վիճակի չենք գործել)։ Իսկ այլ հանգամանքներում առաջադրանքներն ավարտին հասցնելու մեր ցուցանիշը բավական բարձր նշաձողի վրա է։
-2025-ին WizzAir-ը Հայաստանում երկու օդանավ է ունենալու։ Արդյո՞ք սա բավական է, թե ընդամենը սկիզբն է միայն։
-Ես կասեի, որ դա միայն սկիզբն է։ Իհարկե, մեզ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես է ձևավորվում պահանջարկը, բայց մենք իսկապես վստահում ենք այս շուկային։ Մենք տեսնում ենք տնտեսական զարգացումը, և կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիները իրոք կցանկանային ճամփորդել։ Եւ կարծում ենք նաև, որ կան բազմաթիվ՝ հազարավոր եվրոպացի զբոսաշրջիկներ, որոնք կցանկանան գալ այս երկիր, ուստիև լավատեսորեն ենք տրամադրված, որ սա դեռ ընդամենը սկիզբն է։

-Բաց դռների օրերը իսկապես մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Ո՞րն է WizzAir-ի անձնակազմին հաջողությամբ միանալու չափանիշը։
-Ամենակարևորը վերաբերմունքն է՝ լավ վերաբերմունքը, լավ, հաճախորդամետ մտածելակերպը և դե իհարկե, ապահովության և անվտանգության զգացում ունենալը։ Դա կարևոր է յուրաքանչյուր ավիաընկերության համար։ Իհարկե, երբ օդաչուներ ենք փնտրում, մասնագիտական կրթությունը շատ կարևոր է, հատկապես երբ խոսքը ավագ օդաչուների մասին է։ Դա օգնում է ձևավորել համապատասխանը վերաբերմունք, ինչը իսկապես կարևոր է։ Բայց մենք ունենք նաև մեր օդաչուական ակադեմիան, ուստիև փնտրում ենք նաև մարդկանց, որոնք նախկինում երբեք օդանավով չեն թռչել, բայց ապագայում օդաչուներ դառնալու ցանկություն ունեն ։
-Ի՞նչն է Ձեզ ամենաշատն անակնկալի բերել հայաստանյան շուկայում աշխատելիս։
-ՄԻնչ այժմ, եթե անկեղծ լինեմ, միայն դրական անակնկալներ են եղել։ Չեմ կարող որևէ բանից բողոքել։ Եղել է մեծ աջակցություն և համագործակցություն կառավարության կողմից, օդանավականից։ Արդեն հավաքագրել ենք տեղի քաղաքացիներից բաղկացած առաջին օդանավակազմը։ Հիանալի մարդիկ, հիանալի անձնակազմ, ուստիև մինչ այժմ անակնկալները և հետադարձ արձագանքները միայն դրական են։ Որևէ բանից բողոքելու առիթ չունեմ։










