ԱրարատԲանկը՝ Մատենադարանի գրավոր ժառանգության անվտանգության ապահովման կարևորագույն առաքելության կողքին (տեսանյութ, լուսանկարներ)
Ձեռագիր և տպագիր յուրաքանչյուր արձանագրություն պատմություն է, իսկ դրանց պահպանությունը՝ պայքար ժամանակի ու մոռացության դեմ։
«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում աշխարհի՝ գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող կարևոր հաստատություններին, նպաստում ոլորտի պատասխանատուների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների արդյունքների հասանելիությանը։ Սեմինարին մասնակցում են 18 երկրից 25 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների մասնագետներ։

Սեմինարի իրականացմանն աջակցություն է ցուցաբերում նաև ԱրարատԲանկը, որի հովանավորությամբ դեռ 2024թ․-ին Մատենադարանում ստեղծվել է կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, իսկ այս տարի արդիականացվել են տեսահսկման և անվտանգային համակարգերը, և այդ առիթով միջազգային իրադարձության բացման արարողությանը Մատենադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ֆինանսական ընկերությանը՝ ազգանվեր գործում աջակից լինելու համար:
«Մենք սահմանել ենք «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերպություններին և անհատներին, և տնօրինության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է Մատենադարանի ոսկե մեդալը»,-ասաց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ոսկե մեդալ, նաև թանգարանի նորաբաց Պատվո կամարում ԱրարատԲանկի անվանումը՝ ոսկե տառերով. դա հստակ վկայությունն է այն կապի և համագործակցության, որ ձևավորվել է Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև՝ հանուն մշակութային արժեքների պահպանման։

«Ի պատիվ մեզ՝ բոլորս իրար հետ կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, և այսօր մեզ համար շատ ուրախալի օր է, որովհետև սեմինարը, որը 14-րդ անգամ իրականացվում է Հայաստանում՝ Մատենադարանի պատերի ներքո, ունի միջազգային մեծ նշանակություն», -նշեց ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

Սեմինարը, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 17-ը, ևս մեկ անգամ ընդգծում է՝ մշակութային ժառանգության պահպանությունն ու վերականգնումը պահանջում են համընդհանուր համագործակցություն և նվիրում։ ԱրարատԲանկի և Մատենադարանի համատեղ ջանքերն էլ օրինակն են այն բանի, թե ինչպես տարբեր ոլորտի ներկայացուցիչներ կարող են միավորել ուժերը՝ մաս դառնալով պատմության ու ինքնության պահպանման կարևոր առաքելությանը:















