Գրոսին զգուշացրել է «Բուշեր» ԱԷԿ-ում ռադիացիnն վթարի վտանգի մասին

16:00 • 06.04.26

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակայքում տեղի ունեցած վերջին հարվածների ֆոնին, զգուշացրել է, որ դրա շուրջ ռազմական ակտիվությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի: Այս մասին ասված է ԱԷՄԳ-ի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում:

«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զգուշացնում է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մեծ քանակությամբ միջուկային վառելիքով աշխատող կայանի մոտակայքում ռազմական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի՝ կործանարար հետևանքներ ունենալով Իրանի և նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց ու շրջակա միջավայրի համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Գրոսին կոչ է արել դադարեցնել հարձակումները ԱԷԿ-ի և դրա շրջակայքի վրա՝ նշելով, որ դրանք զգալի սպառնալիք են ներկայացնում միջուկային անվտանգությանը:

Շաբաթ օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է։ Սա արդեն չորրորդ միջադեպն էր «Բուշեր» ԱԷԿ-ի հետ կապված՝ փետրվարի 28-ից Իրանի շուրջ սկսված հակամարտությունից ի վեր։