Շուրջ 180 տոննա հումանիտար օգնություն Արցախից տեղահանվածներին՝ ՌԴ-ի կողմից (լուսանկարներ)
Կյանքը շատ է բարդացել, երբեմն կիսասոված օրեր ենք ունեցել և անգամ ամենաչնչին թվացող օգնությունը մեզ համար անչափ կարևոր է։ Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախից տեղահանված 41-ամյա Արմինեն։
«Ամուսինս է միայն աշխատում, 4 երեխա ունենք, մեծս հաշմանդամություն ունի և ես աշխատել չեմ կարողանում, իսկ ամուսինս դժվարությամբ է հոգում անգամ նվազագույն կարիքները»,- նշել է նա։
Արմինեի ընտանիքի նման հարյուրավոր ընտանիքներ հումանիտար օգնության հերթական չափաբաժինն են ստացել են Ռուսաստանից։ Ռուսաստանն ավարտել է Հայաստանում իրականացվող լայնածավալ մարդասիրական աջակցության հերթական փուլը, որի շրջանակում «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծով աջակցություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար մարդ։ Նախաձեռնությունն իրականացվել է «Եվրասիա» ԻՀԿ-ի և «Ռուսական հումանիտար առաքելություն» ԻՀԿ-ի կողմից՝ Ռոսսոտրուդնիչեսվոյի հովանու ներքո, տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ։

«Ութ ամիս առաջ, համակարգված աշխատանքի շնորհիվ, սկսեցինք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար օգնության տրամադրումը։ Այս ամիսների ընթացքում այցելեցինք տարբեր մարզեր, իրականացրինք մեր առաքելությունը»,- ասել է «Եվրասիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Գագիկ Հովսեփյանը։
Նա նշել է, որ նման նախաձեռնությունները թույլ են տալիս գոնե ժամանակավորապես թեթևացնել տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը՝ հնարավորություն տալով նրանց կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա։
Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հուլիսի 31-ին և շարունակվել ավելի քան ութ ու կես ամիս՝ մինչև 2026 թվականի ապրիլի կեսերը։ Այդ ընթացքում մարդասիրական օգնություն է տրամադրվել 9,310 ընտանիքի, այսինքն՝ ավելի քան 40 հազար մարդու։ Աջակցությունը հիմնականում հասցեագրվել է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, կերակրողին կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին։

«Մարդկանց մեծ հոսքը ապացուցում է, որ նրանք ունեն այս հումանիտար օգնության կարիքը։ 8.5 ամիս տևած քրտնաջան աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է բաշխել ավելի քան 180 տոննա հումանիտար օգնություն։ Այս ժամանակահատվածում մենք այցելել ենք ավելի քան 40 քաղաք և բնակավայր՝ փոխանցելով հումանիտար փաթեթներ, որոնք ներառում են սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, իսկ որոշ հավաքածուներ համալրված են եղել նաև մանկական սննդով»,- նշել է Ռուսական հումանիտար առաքելության գլխավոր տնօրենի լոգիստիկայի ապահովման գծով տեղակալ Եվգենի Ֆեդյուշեվը։
«8 ամսում ավելի քան 9,000 ընտանիք, մոտ 40,000 հոգի օգտվել է այս օգնությունից, բայց քանի որ պահեստում դեռ ունեինք փաթեթներ, Արցախի ներկայացուցչությունը մեզ տրամադրեց խոցելի խմբերի նոր ցուցակներ, որի հիման վրա ևս 400 ընտանիքի տրամադրեցինք օգնություն։ Այս անգամ ընդգրկվեցին պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների հարազատները, Արցախյան առաջին և 2-րդ պատերազմի մասնակիցները»,- ասել է Գագիկ Հովսեփյանը։
Շահառուներին փոխանցվել է 9,310 համալիր մարդասիրական փաթեթ, որոնք ներառել են սննդամթերք, հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիա և մանկական ապրանքներ։ Օգնության բաշխման կետեր են գործել Հայաստանի տարբեր բնակավայրերում, իսկ սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են նաև հասցեական առաքումներ։ Ընդհանուր առմամբ ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 45 բնակավայր, ինչը հնարավորություն է տվել աջակցություն հասցնել հանրապետության տարբեր մարզերում բնակվող տեղահանված ընտանիքներին։
«Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն կապված են հոգևոր և պատմական կապերով, այդ պատճառով մենք միշտ ուրախ ենք օգնել և աջակցել եղբայրական ժողովրդին։ Մեզ համար դա շատ կարևոր է և հետևաբար այս օգնությունը շարունակական է լինելու»,-նշել է Եվգենի Ֆեդյուշեվը։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան ընդգծել է, որ այս նախաձեռնության առանցքում թվերը չեն, այլ մարդկանց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունն ու հոգատարությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ իր համար «օտար» դժբախտություն գոյություն չունի, և որտեղ էլ ապրեն հայրենակիցներն ու բարեկամ ժողովուրդները, այնտեղ Ռուսաստանը պատրաստ է լինել նրանց կողքին։ Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն միասնությունն ու փոխօգնությունը, քանի որ դժվարությունները հաղթահարվում են այն դեպքում, երբ մարդիկ աջակցում են միմյանց։

«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկն իր հերթին հիշեցրել է, որ կազմակերպությունը վերջին տարիներին աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս նախագիծը դարձել է երկրում իրականացվող համակարգային գործունեության կարևոր փուլերից մեկը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն մարդասիրական բեռների փոխանցման մասին չէր, այլ մարդկանց կողքին լինելու, նրանց հետ շփվելու և նրանց իրական կարիքները հասկանալու փորձի մասին։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր թվի հետևում կանգնած են կոնկրետ ճակատագրեր, հաղթահարման պատմություններ և կյանքը նորից կառուցելու մարդկանց ներքին ուժը։
«Եվրասիա» ԻՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան հայտարարել է, որ կազմակերպության համար սկզբունքային է լինել այն մարդկանց կողքին, ովքեր հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրա գնահատմամբ՝ շուրջ ինը ամիս իրականացված աշխատանքը թույլ է տվել օգնել ավելի քան 40 հազար բռնի տեղահանվածի, իսկ այդ թվերի հետևում մարդիկ են, որոնց համար կարևոր է զգալ, որ իրենք մենակ չեն մնացել սեփական խնդիրների առաջ։ Նա նշել է, որ ծրագրի նպատակն է մարդկանց օգնել վերականգնել վստահությունն ու վերադառնալ բնականոն կյանքի։
Հաջորդ փուլի մասին լրացուցիչ կհայտարարվի, կներառվեն խոցելի խմբերը՝ պատերազմում, նաև բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհված և անհետ կորած ընտանիքների հարազատները, ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներ, թոշակառուներ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ընդ որում, թոշակառուները, ովքեր դժվարություն ունեն օնլայն հերթագրվելու, տեղում գրանցվելու հնարավորություն ևս կունենան։
Չնայած մարդասիրական աջակցության այս փուլն արդեն ավարտվել է, կազմակերպիչները հայտնել են, որ Հայաստանի տարածքում օգնության ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկայում։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ մարդասիրական բեռների տեղափոխման կազմակերպմանն աջակցելու համար։














