«Օրիոնը» դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ

13:31 • 10.04.26

«Արտեմիս-2» լուսնային առաքելության «Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կանադական տիեզերական գործակալությանը։

«Անձնակազմն ավարտել է Երկիր վերադառնալու առաջին ուղղիչ գործողությունը։ Եվրոպական տիեզերական գործակալության տրամադրած մոդուլն իր շարժիչային կայանքի օգնությամբ տիեզերանավը ճշգրիտ դուրս է բերել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Տիեզերագնացների վերադարձը Երկիր սպասվում է ապրիլի 10-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 20:07-ին (ապրիլի 11-ին, Երևանի ժամանակով 04:07-ին):

Ըստ NASA-ի պլանների՝ «Օրիոնը» պետք է վայրէջք կատարի օվկիանոսում՝ Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող Սան Դիեգո քաղաքի ափերի մոտ։

Հիշեցնենք, որ «Արտեմիս-2» առաքելության շրջանակներում SLS կրող հրթիռը «Օրիոն» տիեզերանավով մեկնարկել է ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 18:35-ին (ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 02:35-ին)՝ Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի հարթակից (Ֆլորիդա նահանգ):

NASA-ի տիեզերագնացներ Ռիդ Վայսմանը, Քրիստինա Կուկը և Վիկտոր Գլովերը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը առաքելության ընթացքում իրականացրել են Լուսնի շուրջ թռիչք՝ սահմանելով մարդու՝ Երկրից ունեցած ամենամեծ հեռավորության ռեկորդ։ Առաքելության ընդհանուր տևողությունը պետք է կազմի 10 օր։ Դեպի Լուսին վերջին օդաչուավոր առաքելությունը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին՝ ամերիկյան «Ապոլոն-17» արշավախմբի շրջանակներում։