Քիր Սթարմերն ու Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը

16:24 • 10.04.26

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ուղիները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջնորդները քննարկել են նավագնացությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսելու համար գործնական ծրագրի անհրաժեշտությունը»,- ասված է Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ Սպիտակ տան ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։

Ինչպես նշել են Դաունինգ սթրիթում, քաղաքական գործիչները համակարծիք են եղել, որ հիմա, երբ գործում է հրադադարի ռեժիմը և կա նեղուցը բացելու շուրջ համաձայնություն, սկսվել է լուծում գտնելու հաջորդ փուլը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սթարմերը, ով այցով գտնվում է Քաթարում, ամերիկյան առաջնորդին տեղեկացրել է Լոնդոնի ջանքերի մասին՝ ուղղված մի շարք երկրների միասնական դիրքորոշման մշակմանը, նպատակ ունենալով համաձայնեցնել կենսունակ ծրագիր՝ գլոբալ տնտեսական տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող այս նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար։