Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի հասնելու հույսերը մեծանում են. Al Jazeera

12:10 • 16.04.26

Պակիստանցի պաշտոնյաները զգալի առաջընթաց են ակնկալում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, քանի որ Իսլամաբադն ակտիվացնում է դիվանագիտական ջանքերը՝ վերջ տալու հազարավոր մարդկանց կյանքեր խլած պատերազմին: Այս մասին Al Jazeera-ին հայտնել են աղբյուրները:

Չորեքշաբթի օրվա լավատեսությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ պակիստանյան բարձրաստիճան պատվիրակությունը՝ բանակի հրամանատար Ասիմ Մունիրի գլխավորությամբ, ժամանեց Թեհրան՝ ԱՄՆ-ի ուղերձն իրանական ղեկավարությանը փոխանցելու համար։

Նրան ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ով երախտագիտություն է հայտնել Պակիստանին երկխոսության բարյացակամ հյուրընկալման համար։ 

Al Jazeera-ի թղթակիցը նշել է, որ պակիստանցի պաշտոնյաները միջուկային ճակատում լուրջ առաջընթաց են ակնկալում, և որ պատվիրակները շարունակում են ուղերձներ փոխանցել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև։

Կենտրոնական վիճահարույց կետը մնում է Իրանի կողմից ուրանի հարստացման սառեցման տևողությունը և երկրում առկա 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի պաշարը։

«Մենք գիտենք, որ երկու կողմերն էլ, ըստ էության, կանգնած են հարստացման դադարեցման 5-ից մինչև 20 տարի ժամկետների միջև։ Եվ կա լուծում՝ դրա մեջտեղում», - ասել է թղթակիցը։

«Խոսվում է նաև այն մասին, թե ինչ կանի Իրանը երկրում ունեցած 440 կգ միջուկային հարստացված նյութի հետ։ Կան մի քանի տարբերակներ՝ կա՛մ այն ուղարկել արտերկիր՝ երրորդ կողմին, կա՛մ դրա հարստացման աստիճանը իջեցնել մինչև բնական ուրանի մակարդակի կամ մինչև 3 տոկոսի», - ասել է նա։

«Ըստ այս աղբյուրների՝ զգալի առաջընթաց է գրանցվել, և նրանք ակնկալում են, որ պակիստանցիներին կհաջողվի համոզել Թեհրանին», - հավելել է նա։