Հնդիկ Գաութամ Ադանին 92,6 մլրդ դոլար կարողությամբ դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը. Bloomberg

12:20 • 17.04.26

Հնդիկ Գաութամ Ադանին 92,6 մլրդ դոլար կարողությամբ դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը և 19-րդը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Երկար ժամանակ մայրցամաքի միլիարդատերերի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող հնդիկ ձեռնարկատեր Մուկեշ Ամբանին $90,8 մլրդ կարողությամբ տեղափոխվել է երկրորդ տեղ և 20-րդը՝ աշխարհում: Այս տարի ֆոնդային շուկաներում բաժնետոմսերի փոխարժեքների կտրուկ տատանումների պատճառով Ադանիի Adani Group կոնգլոմերատի ակտիվներն աճել են $8,1 միլիարդով, իսկ Ամբանիի Reliance Industries կոնցեռնը կորցրել է $16,9 միլիարդ:

Ինչպես նշում է The Economic Times պարբերականը, Ադանիի և Ամբանիի բարեկեցության կտրուկ տատանումները տեղի են ունեցել հնդկական բազային ինդեքսների անկման ֆոնին, ինչն արտացոլում է համաշխարհային շուկայի թուլությունը՝ առաջացած Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առևտրային լարվածության էսկալացիայով, նավթի մատակարարման շղթաների խզումներով և ԱՄՆ-ի անկանխատեսելի սակագնային քաղաքականությամբ: