Թրամփի հակասական հրապարակային մեկնաբանությունները վնաuում են ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացին. CNN

11:27 • 21.04.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հրապարակային մեկնաբանությունները վնասում են զինված հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչներին։

«Իրանցիներին դուր չի եկել, որ նախագահը փորձել է բանակցություններ վարել սոցիալական ցանցերում և ձևացնել, թե նրանք կարգավորել են այն հարցերը, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել», - մեջբերում է CNN-ը պաշտոնյաներից մեկի խոսքերը։

Հեռուստաընկերության զրուցակիցները նշել են, որ իրանական կողմը խորը անվստահություն է տածում ԱՄՆ-ի նկատմամբ։

CNN-ը նշում է, որ Թրամփի հրապարակային հայտարարություններն ուժեղացրել են անորոշությունը բանակցությունների շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ հանդիպման, իսկ հետո ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարեցին, որ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլում։

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ Վենսն արդեն մեկնել է Պակիստան և մի քանի ժամից վայրէջք կկատարի Իսլամաբադում, որից հետո ԱՄՆ փոխնախագահի ավտոշարասյունը մոտեցավ Սպիտակ տանը, իսկ մի շարք աղբյուրներ հայտնեցին, որ Վենսը մտադիր է բանակցությունների մեկնել երեքշաբթի օրը։

Թրամփը բազմիցս հակասական տեղեկատվություն է ներկայացրել նաև բանակցությունների մեկնարկի ամսաթվի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դրանք պետք է սկսվեին երկուշաբթի օրը, մինչդեռ CNN-ը, հղում անելով իր տրամադրության տակ եղած տվյալներին, թույլ է տալիս, որ դրանք կմեկնարկեն միայն չորեքշաբթի։ Աղբյուրները նշել են, որ բանակցությունների շուրջ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։

CNN-ի տեղեկություններով՝ իրանական պատվիրակությունը կգլխավորի Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ընդ որում, ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշումը դեռ ընդունված չէ։