Ուկրաինան 90 միլիարդ եվրոյի շրջանակներում կկարողանա զենք պատվիրել միայն ԵՄ-ից. ԵՄ խորհուրդ
Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրո ֆինանսավորման շրջանակներում զենքի պատվերները պետք է կատարվեն միայն Եվրոպական միության, Ուկրաինայի կամ Եվրահանձնաժողովի հետ հատուկ համաձայնագրեր կնքած երկրների ռազմարդյունաբերական համալիրներից։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«30 միլիարդ եվրոն կհատկացվի Ուկրաինայի մակրոտնտեսական աջակցությանը, 60 միլիարդ եվրոն՝ պաշտպանական ներդրումների համար, ներառյալ ռազմական կարողությունների ձեռքբերումը»,- նշվում է փաստաթղթում։
Սա թույլ կտա Ուկրաինային զենք գնել «Ուկրաինայի, ԵՄ-ի, Եվրոպական ազատ առևտրի գոտու կամ երրորդ պետությունների ռազմական արդյունաբերությունից, որոնք համաձայնագրեր են կնքել Եվրահանձնաժողովի հետ SAFE ծրագրի շրջանակներում»,- նշվում է տեքստում։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը։










