Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, այսօր ժամանել է Կիև

12:04 • 23.04.26

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, այսօր ժամանել է Կիև: Այս մասին հայտնում է բրիտանական ITV News-ը։

Ժամանելով Կիև՝ Հարրին ասել է, որ հաճելի է կրկին լինել Ուկրաինայում:

Նա ITV News-ին հայտնել է, որ ցանկանում է հիշեցնել մարդկանց իր հայրենիքում և ամբողջ աշխարհում, թե ինչի հետ է ստիպված առերեսվել Ուկրաինան, ինչպես նաև աջակցել այն մարդկանց ու գործընկերներին, ովքեր ամեն ժամ, ամեն օր արտակարգ աշխատանք են կատարում անհավանական դժվար պայմաններում:

Արքայազն Հարրին կմասնակցի Կիևի անվտանգության համաժողովին: Սպասվում է, որ իր ելույթում նա Ուկրաինան կանվանի ժողովրդավարության առաջնագիծ, կդատապարտի Պուտինի ռազմական հանցագործությունները որպես համակարգված և կանխամտածված և կզգուշացնի, որ պատերազմն Ուկրաինայում պատերազմ է արժեքների, այլ ոչ թե միայն տարածքի համար:

Սպասվում է, որ Հարրին նաև կայցելի Halo Trust բարեգործական կազմակերպության սակրավորներին, որին աջակցում էր նրա հանգուցյալ մայրը՝ արքայադուստր Դիանան:

Հարրին, ով 10 տարի ծառայել է բրիտանական բանակում, նախատեսում է նաև ժամանակ անցկացնել իր Invictus Games Foundation-ի ուկրաինացի մասնակիցների հետ, որն օգնում է վիրավոր վետերաններին վերականգնվել սպորտի միջոցով։