Հնդկաստանում տղամարդը բանկ է բերել քրոջ կմшխքը՝ նրա հաշվից գումար կանխիկացնելու համար
Հնդկական Օդիշա նահանգի բնակիչը բանկի բաժանմունք է ներկայացել իր հանգուցյալ քրոջ մասունքներով՝ փորձելով ապացուցել նրա մահը և քրոջ հաշվից հանել 20 հազար ռուփի (մոտ 210 դոլար)։ Այս մասին հայտնում է India Today ամսագիրը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ինչպես պարզաբանում է India Today-ը, կինը մահացել էր դեռ երկու ամիս առաջ հիվանդության պատճառով, իսկ անասունների վաճառքից նրա վաստակած գումարը մնացել էր տեղի բանկի հաշվին։ Ավելի վաղ տղամարդն արդեն դիմել էր բաժանմունք, սակայն աշխատակիցները պահանջել էին փաստաթղթեր, որոնք Մունդան չէր կարող ներկայացնել իր անգրագիտության պատճառով։
«Ես մի քանի անգամ եկել եմ բանկ, և ինձ ասում էին բերել հաշվի տիրոջը, որպեսզի նրա անունից գումարը հանեմ։ Ես նրանց ասում էի, որ նա մահացել է, բայց նրանք ինձ չէին լսում և պնդում էին, որ նրան բերեմ բանկ։ Հուսահատությունից ես փորել եմ գերեզմանը և հանել նրա կմախքը՝ որպես նրա մահվան ապացույց»,- հրատարակությանը պատմել է 50-ամյա Ջիտու Մունդան։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները վստահեցրել են տղամարդուն, որ կօգնեն նրան ստանալ գումարը։ Ըստ India Today-ի՝ ավելի ուշ կնոջ կմախքը վերահուղարկավորվել է իրավապահների ներկայությամբ։
Տեղական իշխանությունները կարգադրել են, որ բանկը սեղմ ժամկետներում կազմակերպի միջոցների վճարումը, քանի որ Ջիտու Մունդան մնում է իր հանգուցյալ քրոջ գումարի միակ օրինական հավակնորդը, հայտնում է ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։










