Ուկրաինային հատկացվող 90 մլրդ եվրո վարկի առաջին՝ 6 մլրդ տրանշն այս եռամսյակում կուղղվի ԱԹՍ-ների ձեռքբերմանն ու բյուջետային կարիքներին. Եվրահանձնաժողովի ղեկավար

12:59 • 29.04.26

Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը՝ 6 միլիարդ եվրոյի չափով, կվճարվի այս եռամսյակում՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման և բյուջետային կարիքների համար: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել էր, որ ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն՝ ֆինանսական և ռազմական աջակցության համար: Վարկը Ուկրաինային կտրամադրվի երկու տարվա ընթացքում. Եվրամիությունը նախատեսում է հատկացնել 45-ական միլիարդ եվրո համապատասխանաբար 2026 և 2027 թվականների համար:

«Մենք 2026 թվականի համար նախատեսված 45 միլիարդ եվրոյի առաջին տրանշը կհատկացնենք արդեն այս եռամսյակում. մեկ երրորդը՝ բյուջետային կարիքների համար, իսկ երկու երրորդը կուղղվի Ուկրաինայի պաշտպանությանը, և պաշտպանական առաջին փաթեթը կուղղվի Ուկրաինայից Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերին՝ մոտ 6 միլիարդ եվրոյի չափով»,- ասել է նա: