Ավինյանը մեզ խոսք տվեց, մենք էլ իրեն ընտրեցինք, խաբեցին ու չվերաբնակեցրին. մեր շենքերը ջրի մեջ կորած են. Վարդաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Ավինյանը եկավ ու մեզ խոսք տվեց, մենք էլ իրեն ընտրեցինք, խաբեցին ու չվերաբնակեցրին. մեր շենքերը ջրի մեջ կորած են: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Վարդաշենի 6-րդ փողոցի 68 շենքի բնակիչ Ալիսա Ղազյանը:
«Մենք եկել ենք մեր իրավունքը պաշտպանենք, ապրում ենք անմարդկային պայմաններում, անմարդկային դեռ հանգիստ եմ ասում, որովհետև ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե ինչ պայմաններում ենք ապրում: Մեզ բազմիցս խոսք են տվել, խաբել են և խաբում են: 2023 թվականին Տիգրան Ավինյանը եկավ ու մեզ խոսք տվեց, մենք էլ իրեն ընտրեցինք, մեր ձայնը տվեցինք՝ հավատալով, որ 1 տարվա ընթացքում մեզ պետք է բնակարանով ապահովեն:
Մեր շենքը 4 տարի առաջ 4-րդ կարգ է հաստատվել, բայց արդեն 6-րդ կարգից էլ ավելի է, շենքի տակը ջրի մեջ կորած է, ամեն րոպե վտանգի տակ ենք, եթե մի բան եղավ, ո՞վ է պատասխան տալու մեր կյանքի համար, Կառավարությու՞նը, իրենք հանգիստ քնում են, մենք չէ»,- նշել է նա:
Բնակիչը նշում է՝ շենքի վթարայնության հարցն ու վերաբնակեցման խնդիրը բազմիցս արձանագրել են, բայց մինչ այժմ խնդիրը չի լուծվել: Իր խոսքով՝ խնդրի լուծումն ամեն օր ձգձգում են, իրենց ուղարկում են Կառավարություն, իսկ Կառավարությունը ուղարկում է քաղաքապետարան














